Ախալքալաքի շրջանի գյուղերում օրեցօր աղբակույտերը միայն մեծանում են։ Ծրագիրը, ըստ որի պետք է մաքրեն գյուղերում տարիներով գոյացած աղբը, դեռ հայտնի չէ, թե երբ կիրագործվի։
Մերենիա գյուղը սկսվում և վերջանում է աղբի կույտերով։ Գյուղի սկզբում աղբի թե հին, թե նոր կուտակումներ կան, որոնց մի մասն էլ գետն է լցվել։
Իսկ այս նկարի աղբը Մերենիա և Բուղաշեն գյուղերի միջև է, այդտեղով անցնելն անհնարին է, գեղեցիկ մարգագետնից ծաղկած երիցուկների և լավանդաների հոտի փոխարեն, աղբի տհաճ հոտն է բուրում։
Ըստ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի, գյուղերից աղբահեռացման ծրագիրը գրված է, ուղակի ներկա դրությամբ խնդիր է ֆինանսավորումը։
«Մեր ամենացավոտ հարցն է, շատ ծավալուն և ծախսատար աշխատանք է։ Այստեղ խնդիրը փողն է, 86 000 հազար լարի է հարկավոր։ Հաշվարկել ենք, 4 700 մ3 աղբ կա, մի կամ երկու տարվա ընթացքում հավաքված աղբ կա գյուղերում։ Փողը պետք է հատկացվի, որ կարողանանք աշխատանքները սկսել: Չենք ուզում, որպեսզի կես-կես կատարենք աշխատանքը, կամ մի գյուղը մաքրենք մյուսը չէ», – ասաց Արմեն Բիչախչյանը։
Ֆինանսական խնդիրը լուծելու ճանապարհներից մեկն այն է, որ փողի կեսը Ախալքալաքի սպասարկման կենտրոնը հատկացնի, մյուս կեսը քաղաքապետարանը։
Գայանե Ակոջյան