Խավեթում բնակվող Պետրոսյանների ընտանիքում արդեն մի քանի տարի է մտածում են գյուղից հեռանալու մասին: Նրանք հիսաթափված են, այլևս հոգնել են ապրել այն սպասումով, որ վերջ ի վերջո գյուղում գոնե մի խնդիր կլուծվի։ Որոշել են հնարավորության դեպքում գնալ Ռուսաստան, որպեսզի կարողանան իրականացնել իրենց երեխաների երազանքները:
Այս գյուղից գրեթե բոլորն են ուզում հեռանալ, բայց ոչ բոլորն ունեն այդ հնարավորությունը։ Իրենց գյուղի անվերջանալի խնդիրները՝ անբարեկարգ ճանապարհներ (որը գյուղացիները համարում են համար առաջին խնդիրը), բնական գազի, խանութի, դպրոցում մասնագետների բացակայությունը և այլ բազում խնդիրներ թույլ չեն տալիս բնակիչներին նորմալ ապրել:
Ինչպես մյուս գյուղացիները, այնպես էլ Լիպարիտ Պետրոսյանի ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, և մոտ 22 տարի նաև մեղվաբուծությամբ։ Տարիներ առաջ նա հեկտարներով կարտոֆիլ է մշակել, հիմա այդքան չի մշակում, կրճատել է կարտոֆիլի դաշտերը, քանի որ ստացած եկամուտը չնչին է եղել:
Նորակառույց կարտոֆիլի նկուղը դատարկ է մնացել, իսկ ունեցած գյուղատնտեսական տեխնիկան վաճառել է: Խավեթում Լիպարիտին «երկաթի բժիշկ» են ասում, տեխնիկայի հետ կապված գրեթե բոլոր անսարքությունները շտկում է։
«Անկեղծ հիասթավել եմ Վրաստանից, ղեկավարությունից։ Կարտոֆիլագործությամբ սկսեցինք զբաղվել, բայց ընդհանրապես ձեռնտու չէ, քանի որ գնորդները գյուղ չեն գալիս, ստիպված մենք ենք տանում և մյուս գյուղերի համեմատ ավելի էժան ենք վաճառում: Իմաստ չկա ցանելու, քանի որ բոլորը մշակում են, մենք էլ ենք մշակում, թե չէ օգուտը չնչին է», – ասում է նա:
Լիպարետի հայրը ձմռանն է մահացել, շտապ օգնության կարիք է զգացել, բայց մեքենան չի կարողացել գյուղ հասնել, ճանապարհները փակ են եղել: Բժշկական օգնություն չստանալու պատճառով նրա հայրը մահացել է:
Երբ այս մասին են պատմում, Պետրոսյանների ընտանիքում մի պահ ծանր լռություն է տիրում… ։
Վատթար ճանապարհների պատճառով է, որ քչերն են համաձայնվում Խավեթի դպրոցում դասավանդել:
«Դպրոցում մասնագետների պակաս կա, օրինակ կարևոր առարկաներից՝ անգլերենի ուսուցիչ չունենք: Ամռանը լավ է քաղաքից գալիս են, ձմռանը ճանապարհները փակվում են ու ոչ ոք չի գալիս, լավագույն դեպքում երեք ամիս են նորմալ դասավանդում», – ավելացնում է նա:
Լիպարիտի երեխաները շատ նպատակներ ունեն, դուստրերից Ժաննան ուզում է սովորել Թբիլիսիում, հիմա Ախալքալաքում է ապրում՝ հայրիկի ընկերոջ տանը, որպեսզի կարողանա ամեն օր պարապմունքների հաճախել, իսկ որդին՝ 13-ամյա Արսենն ուզում է խոհարար դառնալ, սիրում է նաև կիթառ նվագել:
Երկար ժամանակ ցանկացել է կիթառ ունենալ, հայրը գնել է, բայց այն լարած չի եղել, փորձել է ինքնուրույն լարել ու լարը կտրվել է: Արսենի այդքան երազած կիթառը հիմա պատից է կախված, քանի որ շրջանում վերանորոգող փնտրել ու չեն գտել:
Հուսահատեցնում է նրանց ամեն ինչի բացակայությունը, անգամ այս դեպքում կարծես երեխայի երազանքը պատից կախված է մնացել։
Արսենը և գնալ է ուզում գյուղից, և մնալ։ Սիրում է իր գյուղը, բայց և ուզում է իրականացնել իր երազանքները, որոնք այստեղ մնալով չեն իրականանա։
Արձակուրդների ընթացքում փորձում է օգնել ծնողներին, սիրում է նաև դրսում ընկերների հետ խաղալ։
Եղել է Թբիլիսիում, Երևանում, Բաթումիում, Քութայիսիում և այլ քաղաքներում, բայց միևնույն է նախընտրում է հայրենի գյուղը։
«Քաղաքները լավն են՝ սիրուն, ամեն ինչ կա, բայց մեր գյուղին չեն հասնի, մեր գյուղը շատ սիրուն է», – ասում է Արսենը։
Ավելացնում է՝ եթե մինչև իր մեծանալը գյուղի ճանապարհները չբարեկարգվեն, ինքն է բարեկարգելու, ժպտալով հավելում՝ եթե մինչ այդ գյուղում մարդ մնացած լինի:
Լիպարիտը որոշել է, առաջին իսկ հնարավորության դեպքում կտեղափոխվի Ռուսաստան:
«Հողագործության հետ մեկտեղ, զբաղվում եմ նաև մեղվաբուծությամբ, բայց դրանից էլ այս տարի հույս չունեմ, տարին բերքատու էր, սպասում էի, որ լավ մեղր կքամեմ, բայց բանից դուրս եկավ, որ արջն ավելի շուտ ու շատ ուրախացավ, քան՝ ես»,- ասում է նա։
13 փեթակ ուներ, որից 5-ն ընդհանրապես ոչնչացրել է արջը, իսկ երկուսը՝ ոչնչացման եզրին են, որոնց համար նա ամեն ինչ անում է, որ վերականգնվեն։
20 տարվա մեջ արջն առաջին անգամ է մեղվանոց մտնում, եղել է, երբ գյուղից փեթակները դրել են ձորը, բայց ոչ մի անգամ այսպիսի դեպք չի պատահել:
«Երբ առաջին անգամ արջը մտավ, ընտանիքով շատ վախեցանք, չգիտեի ինչ անեի, զանգեցի 112, օպերատորն ինձ ասաց՝ արջը ձեր մո՞տ է, հետո շարունակեց, էլի ե՞րբ է գալու: Ասացեք խնդրեմ, ես ի՞նչ պատասխանեմ»», – պատմում է Լիպարիտ Պետրոսյանը:
Նա մի քանի անգամ դիմել է տեղական ինքնակառավարման մարմիններին, որ քայլեր ձեռնարկեն:
«Ոչինչ չեն անում, սպասում են մարդ ուտի, տեսնում եք, ուշադրություն չեն դարձնում, ինչպես ապրենք այստեղ», – ավելացնում է նա։
Խավեթում Պետրոսյանների ընտանիքը շատ դժվարություններ է հաղթահարել, տունն են վերանորոգել, փորձել իրենց երեխաների համար ստեղծել ամեն հարմարություն, բայց տեսնում են, որ շատ բաներից են հետ մնում՝ ի տարբերություն քաղաքի կամ քաղաքին մոտ գյուղերում ապրող երեխաներից։
«Քանի որ մեր կյանքը դաժան է, դրա համար ուզում ենք փոփոխություն և երբեմն ընտրում ենք այն ուղին, որտեղ ունենք հենարան, մեր դեպքում դա Ռուսաստանն է, գյուղից ում ուզում եք հարցրեք, բոլորը ուզում են գնալ, ամենքը մի ուղղությամբ»,- եզրափակում է Լիպարիտ Պետրոսյանը:
Ախալքալաքի շրջանի Խավեթ գյուղից հեռանում են՝ Ռուսաստան, Հայաստան և Ախալքալաք, ով որտեղ կարող է։ Մարդիկ լավ կյանքի փնտրտուքում ձգտում են դեպի քաղաք, որ իրենց երեխաներն ապագա ունենան: