Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորումը խոստանում է Չունչխա գյուղում մանկապարտեզը բացել այս տարվա ապրիլին։
Մանկապարտեզի շենքը կառուցված է, սակայն նախադպրոցական հաստատությունը չի ընդունում երեխաներին, քանի որ շենքը ջեռուցվում է բնական գազով, իսկ գյուղում գազը դեռ անցկացված չի:
«Քանի որ գյուղը գազաֆիկացված չէ, իսկ մանկապարտեզը նախատեսված չէ այլ վառելիքով ջեռուցելու համար, մենք դեռ չենք բացել այն», – ասում է Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանը:
Ըստ շրջաններում 2019-2021 թվականի գազաֆիկացման պետական ծրագրի՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում կգազաֆիկացվեն Պտենա և Չունչխա գյուղերը:
Չունչխա գյուղի մանկապարտեզը երեխաներին կընդունի ոչ միայն այս գյուղից, այլ նաև Պտենայի երեխաներին:
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանի, շենքը պատրաստ է և շուտով կբացվի:
«Շուտով կահույք գնելու համար հայտարարվելու է տենդեր, և մենք կընտրենք աշխատողներին, իսկ սննդի հարցն արդեն նախատեսված է սննդի ընդհանուր տենդերում», – ասում է Անահիտ Ասատրյանը:
Այսօրվա դրությամբ, Չունչխա և Պտենա գյուղերում կա մոտ 25 նախադպրոցական տարիքի երեխա, ովքեր պիտի հաճախեն մանկապարտեզ: Սակայն այս թվերը վերջնական չեն:
Պտենա և Չունչխա գյուղերի համար մանկապարտեզ կառուցելու նախագիծը ֆինանսավորվել է Բարձրալեռ շրջանների զարգացման հիմնադրամի կողմից: Շենքի կառուցման համար հատկացվել է 246 800.00 լարի: Շինարարական աշխատանքներն իրականացրել է ՍՊԸ «Լիկանի-200»-ը:
Բրատիսլավ Իգիթխանյան