Դեկտեմբերի 9-ին՝ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Միջոցառումն անցկացվում էր Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ։
Տոնական համերգին ներկա էին երկու երկրների բարձրաստիճան հյուրեր, ազգությամբ հայ և վրացի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ։
Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում անցկացվող համերգային ծրագրին անկրկնելի երլույթներով հանդես եկան՝ «Վրացական սինֆոնիետտա» Թբիլիսիի պետական կամերային նվագախումբն ու «Հովեր» պետական կամերային երգչախումբը:
Իր ողջույնի խոսքում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն անդրադարձավ հայ և վրաց ժողովուրդների՝ հազարամյակներից եկող բարեկամությանը, ինչպես նաև պատմական ամուր կապերի վրա Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված արդյունավետ միջպետական համագործակցությանն ու վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում նկատվող աննախադեպ դինամիկային։ Նշելով, որ մշակույթը երկու երկրների կամուրջն է:
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 17-ին: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993թ. հուլիսից: 2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ձևավորված է միջխորհրդարանական բարեկամական խումբ: Երկու երկրների միջև գործում է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որի 11-րդ նիստը կայացել է 2021թ. դեկտեմբերի 20-ին Թբիլիսիում:
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնատարների և ոլորտային գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ: Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունենում պարբերական խորհրդակցություններ: