Սուլդա գյուղում հերթական գողության և գողության փորձի դեպքն է արձանագրվել: Գյուղի բնակիչները առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանում և իշխանություններից պահանջում էին միջոցներ ձեռնարկել և իրենց անվտանգությունը ապահովել:
Այսօր, մայիսի 25-ին Ախալքալաքի քաղաքապետարանում էին հավաքվել Սուլդա գյուղի մոտավոր 20 բնակիչ: Նրանք հանդիպեցին քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի և խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանի հետ: Նրանք մանրամասն ներկայացրին գյուղում ստեղծված իրավիճակը:
Ռուդիկ Իսոյանն առավոտյան անասնագոմ գնալիս տեսել է, որ բոլոր կողպեքները կոտրված են, դռները բաց, բայց ոչինչ չեն գողացել:
«Առավոտ գնացի տեսա, չգիտեմ ինչից են վախեցել, բան չեն գողացել: Մեծ շունը կապած է դռանը, մարդ կուտեր, թե ինչ են արել, որ նույնիսկ չի հաչել, չգիտեմ: Ոստիկանությանը հայտնեցի, պարզվում է ամբողջ գիշեր ոստիկանական մեքենաները գյուղում շրջել են, ախր գողերը նրանցից վախեցել փախել են», – ասաց Սուլդա գյուղի բնակիչ Ռուդիկ Իսոյանը:
Սուլդա գյուղը վրաց-թուրքական Կարծախի սահմանից գտնվում է 5 կմ հեռավորության վրա և բնակիչների կարծիքով գողությունները կատարում են թուրքերը, կամ թուշերը, որոնք Վրաստանի տարածքում սարերում անասնապահությամբ են զբաղվում:
Բողոքողների մեջ էր նաև Գագիկ Մոսիկյանը: Բանն այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ, մայիսի 21-ին էլ նրա ձին են գողացել:
«Գիշերը ժամը 1:30 կովերս ծնան, ամեն ինչ դասավորեցինք կնոջս հետ, գնացինք քնելու, իսկ առավոտյան գոմ գնալով տեսա, որ կողպեքը կոտրած են, ձիս չկա: Ես էլի գոհ եմ գողերից, որ գոմի դուռը փակել են, բաց չեն թողել, շուն բան չէ մտել: Օրենքի մարդկանց դիմեցի, գնացինք մեր զաստավը, մինչև մեր արոտը գնացինք, ուզեցանք, որ գնանք թուշերի մոտ ստուգենք, բայց սահմանին չթողեցին առաջ գնայինք: Մենք ուզում էինք մեր հետաքննությունն անցկացնել, ես վստահ եմ, որ իմ ձին Թուրքիա չի հասել, թուշերի ձեռքն է, դրա համար էլ մեզ չթողին գնայինք թուշերի մոտ: Իմ պահանջը մեկն է, թող ձիս գտնեն»,- պատմեց Սուլդա գյուղի բնակիչ Գագիկ Մոսիկյանը:
Գյուղացիները սա որպես անհատական դեպք չեն ընդունում: Նրանց կարծիքով ոչ-ոք երաշխավորված չէ, որ վաղն էլ իրենց տները չեն թալանի:
«Սա ընդհանուր գյուղի գործն է, օրական մեկի դռան կողպեքը կոտրում են, ուրեմն վախենալով պետք է ապրենք, գյուղացի մարդ ենք, մի օր չոբան ենք գնում, մի օր քաղաք, կամ հոգնած մարդ, քնում ենք, ինձ գրկեն դուրս տանեն զգալ չեմ: 4 թոռ ունեմ, պատկերացնում եք, առավոտ արթնանամ ու տեսնեմ թոռս օրորոցի մեջ չկա: Աստված չանի նման բան լինի, հետո նստելու ենք գեղովի լանք, բայց արդեն ուշ կլինի, ես պահանջում եմ իշխանություններից մեր գյուղին տիրություն անեն, գողերին բռնեն, հանգիստ քնենք, 180 տուն ենք, ամեն տնից մի հոգի հավաքվենք գնանք Թիլվիզ բողոքենք», – Սուլդա գյուղի բնակիչների անունից ասաց մի տարեց մարդ:
Տեղական իշխանությունների և Սուլդա գյուղի բնակիչների հանդիպման արդյունքում պայմանավորվածության եկան, որ բնակիչները դիմում գրեն և մանրամասն ներկայացնեն ստեղծված իրավիճակը:
«Գիշերով գյուղ են մտել, ոչ ոք չգիտի ազգությամբ թուրք են, հայ են: Փորձել են գողություն անել, բայց բան չեն տարել: Մարդիկ վախեցած ու անհանգստացած են: Հիմա գյուղացիները դիմում կգրեն և մենք այդ դիմումը կներկայացնենք կենտրոնական իշխանություններին: Հիմա հետաքննություն է ընթանում, եթե պարզվի որ Թուրքիայի քաղաքացիներ են, մենք դիմում կգրենք, որ խստացնեն սահմանի հսկողությունը», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Իսկ Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը խոստացավ, որ տեղական իշխանությունները առաջնահերթ ամեն ինչ կանեն, որ Սուլդա գյուղի վերևում լուսավորություն ապահովեն, որպեսզի տարածքը լուսավորված լինի և գողերի համար նպաստավոր պայմաններ չլինեն:
«Ըստ ինձ պետք ընդհանուր հանդիպում կազմակերպենք բոլոր կողմերի հետ: Հիմա տեղական իշխանությունը գյուղի վերևի մասում լուսավորություն կքաշի: Օրերս 7-8 կով են գտել Դադեշ գյուղի բնակիչները, դիմել են ոստիկանությանը: Գյուղացիների խոսքերով ամբողջ գիշերը ոստիկանության աշխատակիցները գյուղում շրջել են», – ասաց Նաիրի Իրիցյանը:
Անասունների գողությունը արդիական է Ախալքալաքի Թուրքիային սահմանամերձ գյուղերում: Անցած տարի, աշնանը գողացած և Թուրքիա տեղափոխած 20 ավելի խոշոր եղջերավոր կենդանիները մինչ այսօր չեն գտնվել:
Աղունիկ Այվազյան