Կուլիկամ գյուղի հանդիսությունների սրահը շուտով շահագործման կհանձնվի, որի շինարարությունը նախաձեռնել և իրականացնում են գյուղի բնակիչները սեփական միջոցներով:

Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղը բավականին մեծ բնակավայր է, որը մոտավոր 250 տնտեսություն ունի: Գյուղի երիտասարդությունն իր ապագան տեսնում է սեփական գյուղում և ամեն տարի մի կառուցողական նախաձեռնությամբ է հանդես գալիս: Այս տարի հերթը գյուղի հարսանյաց սրահինն էր: Իսկ նպատակները գյուղը բարեկարգելը և ամենակարևորը՝ նոր սերնդի մեջ միասնականության գաղափար սերմանելն են:

«Գյուղը գեղեցկացնենք, հարսնետունը, եկեղեցին, ճանապարհները, ամեն ինչ կառուցենք, ինչ հնարավոր է կազմակերպել բարեգործությամբ: Գյուղի ամբողջ բնակչությունը, գրեթե 80 տոկոսից ավելին մասնակցել են 5000-ական ռուբլիով, իսկ ով ավելի մեծ հնարավորություն է ունեցել, ավելի մեծ գումարներ է տվել, որպեսզի գյուղը ապագա ունենա», – ասաց Համլետ Այվազյանը:

harnetun3

Ամբողջ կազմակերպչական աշխատանքների բեռն իր ուսերին է վերցրել Արմեն Ուզունյանը, իսկ Համլետ Այվազյանն ֆինանսական պատասխանատուն է:

2018 թվականի հունվար ամսից երիտասարդները տնետուն անցնելով գումար են հավաքել, որ եվրոպական ստանդարտներին համապատասխան հանդիսությունների սրահ ունենան և ոչ միայն… Միաժամանակ վերանորոգում են գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին և բարեկարգում գյուղամիջյան ճանապարհները:

lustr

Կուլիկամ գյուղում տարեկան միջինը 12-13 հարսանիք է լինում, և ամեն հարսանիքի ժամանակ 700 մինչև 1000 դոլար գումար են ծախսում քաղաքում սրահ վարձակալելու համար:

«Բայց հիմա չնչին գումար են ծախսելու, ճիշտ է հիմա էլ պետք է վճարեն աշխատողների և տաքության, մաքրության և այլնի համար: Այդ գումարի չափն էլ գյուղով ենք որոշել», – նշեց Համլետ Այվազյանը:

harsntu2

Նոր սրահը հագեցված է բոլոր հարմարություններով, նոր սպասքից մինչև երաժշտական կենտրոն, օդափոխության համակարգ ու լվացքի մեքենա և այն:

Հանդիսությունների սրահի բարեկարգման, ընդարձակման և կից կառույցների շինարարության համար մոտավոր ծախսվել է 150 000 լարի:

harsnetun

Նոր և գեղեցիկ սրահում առաջին տոնախմբությունը կանեն Կուլիկամի 2018 թվականի շրջանավարտները: Իսկ ավելի ուշ, երբ ամեն ինչ պատրաստ կլինի, գյուղի օր կընտրեն և մեծ տոնախմբությամբ կնշեն: Շինարարական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, նախատեսվում է մոտավոր 15 օրվա ընթացքում ավարտին հասցնել:

harsne

Նորագույն չափանիշներին համապատասխան հանդիսությունների սրահ ունենալու գաղափարից վարակված կուլիկամցիները հիմա էլ եկեղեցին են վերանորոգում, գյուղամեջում կանգնեցրել են արցախյան ազատամարտի մասնակից, արմատներով Կուլիկամ գյուղից սերող Արթուր Ղարիբյանի արձանը, գյուղամիջյան ճանապարհներն են հարթեցրել և այլն:

Աղունիկ Այվազյան