Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը, երեք նոր մանկապարտեզների աշխատողների հաստիքները համալրելու համար, որոնք բացվելու են մարտի 1-ից, հայտարարել է մրցույթ:

Ախալքալաքի մունիցիպալիտետետի Խուլգումո, Սուլդա և Կաջո գյուղերում 2021 թվականին կբացվի նոր մանկապարտեզ:

Թափուր աշխատատեղերը հետևյալն են՝ մենեջեր, դաստիարակ, դաստիարակի օգնական (դայակ), բուժքույր, վրացերենի ուսուցիչ, խոհարար, պահակ, հավաքարար:

Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 8-ը:

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի, մրցույթը հնարավոր է անցկացվի առանց հարցազրույցի, ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

«Հաստատ չգիտեմ, բայց եթե շատ հայտադիմումներ լինեն, մենք, հավանաբար, հարցազրույց չենք անցկացնի: Ինձանից առաջ Խուլգումո գյուղում մրցույթ է եղել, բայց այս հարցազրույցի արդյունքների մասին ես տեղյակ չեմ, այն ժամանակ ոչ ոքի չէին ընդունել, պարզապես հարցազրույց էր եղել: Հիմա այնտեղ էլ կրկին մրցույթ է հայտարարված: Այն մարդիկ, ովքեր մասնակցել են այն ժամանակ, կարող են նորից դիմել», – ասաց Անահիտ Ասատուրյանը:

Տնօրենի խոսքով, նախապատվությունը կտրվի բարձրագույն կրթություն ունեցող թեկնածուներին: Եթե թեկնածուն չունի համապատասխան կրթություն, հաշվի կառնվի հաղորդակցման հմտությունները, երեխաների հետ վարվելու ունակությունը և ընտանիքի սոցիալական վիճակը: