«Օգնություն գյուղին» ծրագիրը շարունակվում է: Ըստ նախնական տվյալների` Ախալքալաքի մունիցիպալիտետը կստանա մոտ 922,000 լարի։
Այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Սամցխե-Ջավախքին հատկացվել է 3,366,000 լարի: Վերոնշյալ գումարը բաժանվելու է Սամցխե-Ջավախքի 6 մունիցիպալիտետի միջև:
Այս փուլում դեռ հայտնի չէ, թե որ մունիցիպալիտետին որքան գումար է հատկացվելու, սակայն, ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի հաղորդման, նախնական տեղեկությունների համաձայն` Ախալքալաքի մունիցիպալիտետը կստանա նույնքան, որքան ստացել էր նախորդ տարի:
Հիշեցնենք, որ 2019 թվականին Ախալքալաքը «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում ստացել էր 922 հազար լարի:
Գումարի բաշխումը, ինչպես նախկինում, պետք է իրականացվի գյուղի բնակչության թվաքանակի համաձայն:
Ենթակառուցվածքների նախարարության տվյալների համաձայն, 2019 թվականին Սամցխե-Ջավախքում իրականացվել է 312 նախագիծ` «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում:
Երկամյա դադարից հետո կառավարությունը վերսկսել էր «Օգնություն գյուղին» ծրագիրը 2019 թվականին: Անցյալ տարի պետությունն այս ծրագրի համար հատկացրել էր մոտ 20 միլիոն լարի: