Մայիսի 18-ից մինչև 28-ը Ախալքալաքի դպրոցներում հնչում է ավարտական Վերջին զանգը: Խանութներում եռուզեռ է, շրջանավարտների ծնողներն ու բարեկամները նախապատրաստություններ են տեսնում: Ախալքալաքի ծաղկի սրահներում չեն հասցնում սպասարկել:

Վերջին զանգին ծաղիկ նվիրելու մշակույթը Ախալքալաքում սպեցիֆիկ ենթատեքստ ունի:

Շրջանավարտ ունեցող ծնողը ունեցած-չունեցած հնարավորությունների շրջանում ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի այդ օրը իր երեխան մնացածներից հետ չմնա, ոչնչով չզիջի, իրեն վատ չգա, քանի որ «Վերջին զանգը կյանքում մի անգամ է լինում»:

Մրցավազքն սկսված է, մեկը մյուսին նայելով փորձում է ամենաշատ ծաղիկները իր երեխային նվիրել: Ծաղիկ նվիրելու մշակույթը վերջին զանգի արարողությանը կորցրել է իր բուն նշանակությունը: Շրջանավարտի ծնողները ձգտում են, որ ծաղկեփունջն առաջին հերթին մեծ լինի, չկրկնվող, անկախ նրանից հնարավորություն ունեն, թե՝ ոչ: Ավարտականի ծնողները նախօրոք են պատրաստվում: Կամ ամբողջ տարին խնայողություններ են անում, կամ պարտքով գումար են վերցնում:

«Ուզենք-չուզենք, Վերջին զանգը մի անգամ է լինում, իմ երեխան մյուսներից չպիտի տարբերվի, քիչ ծաղիկ ստանա կամ սիրուն չհագնի: Պարտքով թե նաղդով ամեն ինչ անում եմ, որ աղջիկս իրեն վատ չզգա», – ասաց շրջանավարտների ծնողներից մեկը:

Դժգոհ են՝ թե գնորդները, թե առևտրականները: Առևտրականները նշում են. «նախորդ տարիների համեմատ մարդիկ խելքի են եկել, 101 հատ վարդ առնողները արդեն հատուկենտ են, բայց միևնույն է մարդիկ ինքնամոռաց ծաղիկ են գնում»:

Նունեն այս տարվա շրջանավարտ է: Նրա ավարտական վերջին զանգը դեռ չի հնչել: Բայց խոսելով ծաղիկների մասին դժվարանում է նշել՝ ծաղիկները, թե՞ գումարը: «Բարդ է ասել, բոլոր աղջիկներն էլ նախընտրում են ծաղիկները: Ամեն տարի միշտ խոսում են, քննարկում ում ծաղիկներն էին ավելի շատ, ումն էր ամենամեծ բուկետը և այլն: Բնականաբար ես էլ կուզեմ ինձ շատ նվիրեն: Եղբայրս ասել է, որ անակնկալ է անելու, հույս ունեմ ամենասիրուն բուկետն իմը կլինի», – ասաց շրջանավարտ Նունեն:

Միևնույն ժամանակ նշելով, որ ճիշտ կլինի ուղղակի ամեն մի շրջանավարտի մի գեղեցիկ ծաղկեփունջ նվիրել, իսկ ծաղիկների գումարը հատկացնել ավարտականին:

«Եթե մի բանը շատ է լինում, ապա կորցնում է իմաստը, նույնը ծաղիկների պարագայում կարող եմ ասել», – հավելեց Նունեն:

caxik

Արդյո՞ք ծաղկեփնջի մեծությունն է որոշիչը

Չնայած այն հանգամանքին, որ տարիների ընթացքում մարդկանց գեղագիտական ճաշակը փոփոխվում է, սակայն միևնույն է մեծամասնությունը նախընտրում է կարմիր ու երկար վարդ:

Ծաղիկ վաճառողներից մեկը jnews-ի հետ զրույցում ասաց. «Չգիտեմ իրական պատճառն ինչն է, բայց այս տարի այդքան շատ չեն գնում մեծ ծաղկեփնջեր: Նախկինում համատարած գալիս 101 վարդ էին վերցնում ու պարտադիր կարմիր գույնի: Երկու պատճառ կա, կամ մարդիկ խելքի են եկել ու հասկանում են, որ չարժե այդքան գումար ծաղիկի տալ, կամ էլ փող չունեն»:

Մեր փոքրիկ հարցումը քաղաքի ծաղկի սրահներում ցույց է տալիս, որ շրջանավարտի բարեկամներն ու ընկերները միջինը 15 վարդ են նվիրում, ինչը մոտավոր կազմում է 40-50 լարի:

Ախալքալաքում վերջին զանգը իսկական տոնախմբություն է, մի ավանդույթ, որը իր խորը արմատներն է գցել մարդկանց մտածելակերպում:

Աղունիկ Այվազյան