«Ծխախոտի վերահսկման մասին» օրենքի խախտման պատճառով Քութայիսում գտնվող սրճարաններից մեկի այցելուն տուգանվել է, իսկ մյուս երկու հյուրերը, որոնք հրաժարվել են ոստիկանության պահանջները կատարել, ձերբակալվել են: Այս մասին հաղորդում է հանրային հեռուստաընկերությունը հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 3-ին: Պարեկային ոստիկանության աշխատակիցներին դեպքի վայր է կանչել սրճարանի ադմինիստրացիան:
« Հասնելով դեպքի վայր իրավապահ մարմինները հանդիպել են երեք քաղաքացու, ովքեր խախտում էին «Ծխախոտի վերահսկման մասին» օրենքը: Ոստիկանությունը հորդորել է նրանց դադարեցնել ծխախոտ ծխելը: Նրանցից մեկը կատարել է այդ պահանջը և տուգանվել: Մյուս երկուսը ոչ միայն չեն կատարել պահանջը, այլև դիմակայել են ոստիկաններին », – հաղորդել են Վրաստանի ՆԳՆ-ում:

Այսպիսով, վարչական իրավախախտման օրենսգրքի 166-րդ հոդվածի (փոքր խուլիգանություն) և 173-րդ հոդվածի (իրավախախտում կամ իրավապահ մարմնի աշխատակիցների պահանջին անհնազանդություն) հիման վրա վարչական կարգով ձերբակալվել է երկու հոգի:

Եթե 166-րդ հոդվածը նախատեսում է 100 լարի (ավելի քան 40 դոլար) կամ մինչ 15 օրվա վարչական ձերբակալություն, ապա 177-րդ հոդվածը նախատեսում է նույն ժամկետի վարչական ձերբակալություն կամ 250-ից 2000 լարի տուգանք (մինչ 835 դոլար):

Բացի այդ, տեղի ունեցած միջադեպի համար տուգանվել է նաև սրճարան-բարի վարչակազմը: Ինչպես նշում են Ներքին գործերի նախարարությունում, հաստատությունը չի ունեցել պաստառներ, որոնք կնախազգուշացնեին այցելուներին ծխելու արգելքի մասին:

Մայիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել հասարակական վայրերում՝ բարերում, ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում և այլ տարածքներում ծխելը արգելող փոփոխությունները: Բացառություն է հանդիսանում բարերի և ռեստորանների բաց պատշգամբները կամ տեռասները: Արգելվում է նաև ծխախոտային արտադրանքի գովազդը:

Նյութը արտատպված է Новости Грузия կայքից: