Ախալքալաքի գյուղերի որոշ բնակիչներ չեն կարողանում գրանցել այն տները, որոնց համար մեծ գումարներ են վճարել։ Այս խնդիրը առաջացել է «Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության մասին» օրենքի 2017 թվականի հունիսի 16-ի փոփոխություններից հետո:

Ախալքալաքից և գյուղերից վերջի տարիներին քչացել է արտագաղթը, բնակիչները չեն լքում իրենց հայրենի օրրանը և փորձում են այդտեղ ստեղծել իրենց ընտանիքը և տունը։ Գյուղացիները գնում են գյուղի այն տները, որոնց սեփականատերերն էլ Ռուսաստան, Հայաստան կամ այլ երկրներ են տեղափոխվել հիմնական բնակության համար։

Misak Eghizaryan Khulgumo

Խուլգումոյի բնակիչ Միսակ Եղիազարյանը արդեն 10 տարի է չի կարողանում գրանցել այն տունը, որտեղ ապրում է ընտանիքի հետ։

Ինքը Ռուսաստնի քաղաքացի է, սակայն ցանկանում է տունը գրանցել որդու վրա, ով հանդիսանում է Վրաստանի քաղաքացի։ Տան հին տերը նրանց լիազորագիր է տվել, բայց դա էլ չի օգնում, հանրային ռեեստրում նրանց արդեն մի քանի անգամ է մերժում են, ասելով, որ գյուղերի տները հանդիսանում են գյուղատնտեսական նշանակության հող և այլ երկրի քաղաքացիներ չեն կարող գրանցել։

“Արդեն 10 տարի է բնակարանը գնել եմ, սակայն չեմ կարող սեփականաշնորհել, սա ինչ բան է։ Տան տերը, ումից գնել եմ բնակարանս, ինձ լիազորագիր է տվել, որի մեջ գրված է, որ բնակարանը գնել եմ իրենից, դա էլ ներկայացրի, սակայն էլի մերժեցին, ասելով, որ դա ոչ մի բան չի փոխում”, – ասաց Միսակ Եղիազարյանը։

Թե՛ տունը, թե՛հողը գրանցված է տան առաջվա սեփականատիրոջ վրա։

Միսակ Եղիազարյանը տունը հիմնովին վերանորոգել է, իսկ հիմա տան կողքին նկուղ է կառուցում։ Նա երբևէ սեփականության գրանցված չլինելու պատճառով անհանգստություն չի զգացել, սակայն պաշտոնապես սեփականություն չունի: Երբ ցանկացել է նկուղի շինարարական աշխատանքները սկսել, դիմել է գյուղապետին, որպեսզի հետագայում խնդիր չառաջանա, գյուղապետը նրան ասել է, որ իր տան տարածքում, եթե ոչ մի հարևանի չի խանգարում, կարող է կառուցել։

Այն անձիք, ովքեր Վրաստանից գնացել և ուրիշ երկրում ստացել են քաղաքացիություն և այլևս Վրաստանի քաղաքացի չեն, իրավունք չունեն Ախալքալաքի գյուղերում առք ու վաճառքի գործարք իրականացնել, կամ ընդհանրապես սեփականություն գրանցել։ Նրանք վաճառում են գյուղում ունեցած իրենց անշարժ գույքը, որն էլ խնդիր է դառնում ոչ թե իրենց, այլ գնորդների համար։

Այս խնդիրը չի վերաբերում քաղաք Ախալքալաքում գտնվող անշարժ գույքին, այլ միայն գյուղերի, քանի որ գյուղերում տները հողամասերի հետ միասին համարվում են գյուղատնտեսական նշանակության:

Ախալքալաքի շրջանի Մերենիա գյուղում այլևս տուն չեն գնում եթե տան տերերը այլ երկրի քաղաքացի են։

MiSAK Adamyan, Merenia

Մերենիա գյուղի բնակիչ Միսակ Ադամյանը 10 տարուց ավելի է գնել է մորաքրոջ տունը և տանը պատկանող հողատարածքներն ավագ որդու համար։ Մորաքրոջ և նրա ամուսնու մահվանից հետո նրանց որդիները Ռուսաստան են տեղափոխվել մշտական բնակության նպատակով և ստացել են այնտեղի քաղաքացիություն։ Դրանից հետո մինչ այժմ չեն կարողանում տունը գրանցել Միսակ Ադամյանի անունով։

Նա մի անգամ չի, որ դիմել է Հանրային ռեեստր և նոտարական ծառայություն հարցին լուծում տալու նպատակով։

“Գնացել եմ ռեեստր, սակայն ասացին, որ պետք է սպասեմ մինչև օրենքում փոփոխություններ լինի և թույլատրեն գրանցել”, – ասաց նա։

Սակայն ապահովության համար տունը գնելու ժամանակ Միսակ Ադամյանը նոտարի միջոցով է գումարը հանձնել տան սեփականատերերին։

Մերենիայի մեկ այլ բնակիչ Ռոբերտ Քաղքցյանը իրենց գյուղում տուն է գնել 2006 թվականին, տունը գնելու ժամանակ նա արտագնա աշխատանքի է եղել Ռուսաստանում և առք ու վաճառքի գործը իրականացրել են նրա ավագ եղբայրը և հայրը։ 6 տարի առաջ տան տերը Ռուսաստանից եկել է, և Ռոբերտը ցանկացել է գրանցել տունը, գնացել են նոտարական բյուրո և տան առաջվա սեփականատերը լիազորագիր է տվել, որ տունը այլևս պատկանում է Ռոբերտ Քաղքցյանին։

Merujan Qaghqcyan, Merenia

Տան վրա գրանցված են եղել նաև տան 5-6 նախկին անդամ։ Տարիներ անց նա փորձել է տունը գրանցել Հանրային ռեեստրում, սակայն այդ ժամանակ նրան ասել են, որ տան բոլոր անդամների համաձայնությունն է պետք։ Համաձայնությունը նա պետք է ստանար Սկայպով զանգի միջոցով, սակայն մի զանգի արժեքը եղել է 60 լարի և, ֆինանսական խնդիրներից ելնելով, Ռոբերտ Քաղքցյանը որոշել է գրանցումը հետաձգել մինչև գումար ունենա։

Նա չգիտեր, որ նույնիսկ գումար ծախսելու դեպքում և տան վրա գրանցված անդամների համաձայնությունը ստանալու դեպքում չի կարողանա գրանցել տունը, քանի որ տան նախկին տերերը այլ երկրի քաղաքացիներ են:

Խնդրային են ոչ միայն առք վաճառքի գործարքները օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ, այլ նաև ժառանգության գրանցումը:

Կուլիկամ գյուղի բնակիչը ասում է, որ իր պապի տունը “օդի մեջ” է մնացել։

“Տարիներ առաջ տատիկս ու պապիկս մահացան, հիմա չենք կարողանում տունը գրանցել հորեղբորս կամ նրա որդիների անունով, քանի որ նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են չեն գրանցում”, – ասաց Կուլիկամի բնակիչը։

Օրենսդրություն.
Չնայած այն հանգամանքին, որ Ախալքալաքի շրջանի գյուղերում խնդիրը առկա և անլուծելի է, միևնույն է Վրաստանի օրենսդրությունը այլ քաղաքացիների հողատարածքի սեփականաշնորհում չի նախատեսում։

Հարցը կարգավորվում է Վրաստանի «Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության մասին» օրենքի միջոցով: Մինչ 2017 թվականի հունիսի 16-ը վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածի առաջի կետի “բ” ենթակետի համաձայն, գյուղատնտեսական նշանակության հողի (այդ թվում նաև ժառանգաբար) սեփականության իրավունք ունի Վրաստանի քաղաքացին, Վրաստանի օրենսդրության համաձայն Վրաստանի քաղաքացու կողմից Վրաստանում գրանցված իրավաբանական անձիք և տնտեսությունը: Սակայն հետո այդ կետը ենթարկվեց փոփոխության, ըստ որի էլ “Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության մասին” Վրաստանի օրենսգրքը արգելում է գյուղատնտեսական նշանակության սեփականություն (այդ թվում նաև ժառանգաբար փոխանցվող) գրանցել օտար երկրացիներին, արտերկրում գրանցված իրավաբանական անձանց և Վրաստանի օտարերկրացու կողմից Վրաստանում գրանցված իրավաբանական անձանց։

Վրաստանի խորհրդարանի ագրարային հարցերի հանձնաժողովը պատրաստվում է նախաձեռնել փոփոխություններ «Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության մասին» օրենքի մեջ:

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, ով հանդիսանում է Խորհրդարանի ագրարային հարցերի հանձնաժողովի անդամ, մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ հանձնաժողովի խորհրդատվությունների ժամանակ նա բարձրացրել է Ախալքալաքում առկա խնդիրը և բոլորը տեղյակ են դրա մասին:

“Ես այդ հարցը ներկայացրել եմ հանձնաժողովին, սակայն դեռ վերջնական չէ, ես սպասում եմ Խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացմանը, որպեսզի նորից ներկայացնեմ հարցը և այն կրկին քննարկման ենթարկվի”, – ասաց Սամվել Մանուկյանը։

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմեցինք Խորհրդարանի ագրարային հարցերի հանձնաժողովի նախագահ Օթար Դանելիային, մեզ պատասխանեց նրա բյուրոյի ներկայացուցիչ՝ Սոֆիա Գաբիսոնիան, կապելով մեզ խորհրդարանի հետ, որտեղից էլ մեզ ասացին, որ Ախալքալաքում առկա սեփականության գրանցման հարցը ներկայացված է օրինանախագծի մեջ, սակայն ինչպես է ներկայացված և ինչ ընթացք կունենա, դեռ չեն կարող ասել:

Սկզբնական շրջանում օրինանախագծի փոփոխության մասին նախաձեռնությունը կներկայացվի խորհրդարան, այնուհետև հարցը քննարկման կենթարկվի հանձնաժողովների կողմից, հետո կքննարկվի լիագումար նիստի ժամանակ և դրանից հետո նոր լսումներ կսկսվեն։

Մնում է հույսով սպասել, որ քննարկումներն ու լսումներն կավարտվեն ի օգուտ հասարակության և վերջապես մարդիկ իրենց «օդից կախված» տան սեփականատերերը կդառնան։

Գայանե Ակոջյան
Քրիստինե Մարաբյան