Հուլիսի 5-ից Ախալքալաքի Ազատության փողոցի վնասված հատվածները կտրել են, որպեսզի վերանորոգեն: Երեկ արդեն սկսվել է ասֆալտապատման գործընթացը: Այս փուլում կասֆալտապատվի 5,337 մ² ճանապարհ:
Քաղաքի փողոցների փոսային նորոգումը ֆինանսավորվում է տեղական բյուջեից և դրա համար հատկացված է 199,990,00 լարի: Փոսային նորոգման համար տենդերը հայտարարվել էր 2019 թվականի մայիսի 29-ին, որը շահել էր «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը:
Ներկայումս Ախալքալաքի կենտրոնական փողոցներում վնասված հատվածի հատում և կտրումն է կատարվում:
Նախատեսված է ասֆալտապատել 5337մ² ճանապարհը, որի համար անհրաժեշտ է 649 տոննա ասֆալտ:
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Ռազմիկ Նահատակյանի խոսքով, աշխատանքները սկսվել են կենտրոնական փողոցներից, այնուհետեւ անցնելու են մյուս փողոցներին:
Ներկա պահին վերանորոգման համար նախատեսված փոսերը բաց են և մեծապես խոչընդոտում են քաղաքում երթևեկությանը:
«Ջավախ Ավտո Գզա» ընկերության ներկայացուցիչ Ջաբա Ձիրկվաձեի խոսքով, նրանք մի քանի օր առաջ սկսել են փոսալցման աշխատանքները, այժմ կատարվում է վնասված հատվածների հատումը:
«Մենք դեռևս պատրաստում ենք ասֆալտապատման հիմքը, և եթե եղանակը թույլ տա, ապա հնարավոր է հենց այսօր էլ կարողանանք սկսել ասֆալտապատումը, դա կախված է եղանակից», – երեկ ասել է Ջաբա Ձիրկվաձեն:
Երեկ երեկոյան, ասֆալտապատման գործընթացն արդեն սկսվել է Ազատության փողոցի վերջնամասից:
Հիշեցնենք, որ Սակրեբուլոն հաստատել էր այդ աշխատանքների համար 200,000 լարի: Ախալքալաքում փոսային նորոգման համար տենդերը երկար ժամանակ չէր հայտարարվում, քանի որ քաղաքապետարանը և կապալառուն համաձայնության չէին գալիս անցյալ տարվա վերանորոգման առնչությամբ: Քաղաքապետարանը պնդում էր, որ «Ջավախ ավտո Գզա» ընկերությունը չի ավարտել նախորդ տարվա աշխատանքը, իսկ ընկերությունը հայտարարում էր, որ իրենք ավարտել են: Սակայն մայիսի կեսերին ընկերությունը վերանորոգեց ճանապարհի 1000 ք/մ-ը, բայց Ազատության փողոցի վերջնամասը և Աղմաշենեբելու փողոցի սկզբնական հատվածը, ինչպես նաև Նալբանդյան փողոցի հատվածը, որը գտնվում է շուկայի հարևանությամբ, այնտեղ ընդգրկված չէին: Այս անանցանելի փոսերը մի քանի անգամ ավազով էին լցվել, բայց արդյունքում ամեն օր էլ ավելի են վատթարանում:
Բրատիսլավ Իգիթխանյան