Այսօր, դեկտեմբերի 5-ին Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղի բնակիչները տեղական իշխանության ներկայացուցիչներից պահանջում են ուշադրություն դարձնել իրենց գյուղի սոցիալ-տնտեսական խնդիրներին: Ախալքալաքի տեղական իշխանության ներկայացուցիչները գյուղացիներին խորհուրդ տվեցին սպասել և պայմանավորվեցին աշխատանքային խումբ ստեղծել՝ համատեղ աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Աբուլ գյուղից մոտավոր 5 տասնյակից ավելի բնակիչներ հանդիպեցին խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանին, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի և մունիցիպալ այլ աշխատողների հետ: Հանդիպումն անցավ «Վրացական երազանք» կուսակցության Ախալքալաքի շտաբում լարված մթնոլորտում:
Գոռ Երիցյանը խոսեց ամբողջ բնակչության անունից: Նա մանրամասն և հերթականությամբ ներկայացրեց Աբուլի խնդիրները:
«Դուք անցել եք բարեկեցիկ կյանքի, իսկ մենք նույն վիճակին ենք, աթար, ցան, ցեխ: Աբուլից 5 կմ ներքև տեսարանն ամբողջությամբ փոխվում է: Վառարանները դուրս են շպրտվում, դրանց փոխարինում են բաքսիները: Մարդիկ ապրում են մաքուր ու բարեկեցիկ կյանքով, օր-օրի բարելավվում է կենցաղային պայմանները, իսկ ընդամենը 5 կմ-ի վրա սոցիալական սանդղակը փոխվում է: Ես այստեղ ծանր սոցիալական վիճակից բացի ոչինչ չեմ տեսնում: 5 կմ ճանապարհը Աբուլի համար դարձավ երազանք, դարձավ բաղձանք»:
Աբուլ գյուղում երազում են բնական գազ ունենալ
Աբուլի ջրի խնդիրը լուծման վերջին փուլում է
Աբուլ գյուղում բազմամյա ջրամատակարարման ծրագիրը չի աշխատում
Այստեղ հարևան գյուղի համեմատ գարունը մեկ ամիս ուշ է գալիս
«Եթե գյուղ է, ինչ տարբերություն, ինչու մի գյուղին ամեն ինչ, իսկ մեզ ոչինչ: Իսահակյանը մեզ համար է ասել՝ «Մենք շրջանի խորթ տղերքն ենք»: Ջուր չկա, կապույտ վառելիք չկա, ճանապարհ չկա, ոչ մի բան չկա: Մեր քարը տարան, ավազը տարան, աբուլցիները ամեն ինչ լռությամբ տարան: 40 տարի է ավազ են կրում, փոշու մեջ խեղդվում ենք, բայց մենք լռում ենք: Տեսել եք, որ մարդ մի երեսը լվանա, մյուսը կեղտոտ մնա, բայց մեր հարսնետունը դեմից սարքած է, հետևից նույն բացիթողի վիճակն է: Մեր գյուղում ոչ մի բան չկա, խառնաշփոթ է»,- գյուղի խնդիրները ներկայացրեց Գոռ Երիցյանը:
Գյուղացիների պահանջները լսելուց հետո Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը պատասխանեց.
«Շատ ճիշտ հարցեր բարձրացրեցիք, ինչքան կարող ենք, ինչքան հնարավոր է կկատարենք: Ներկայացված բոլոր խնդիրները ճիշտ են նշված: Բայց ուզում եմ, որ դուք իմանաք, այսօրվա դրությամբ գազը սեփականություն է: Դուք լավ գիտեք, որ այսօր հարևան Ծալկայի շրջանի ընդամենը 10 տոկոսը գազ ունի, Ասպինձայում ընդամենը 5 գյուղ ունի գազ, իսկ մեր շրջանը 80 տոկոսով, հասկացանք, որ Աբուլն ընկել է 20 գյուղի մեջ: Բայց սեփականատերը՝ ինքը հաշվարկում է, որ, եթե կենտրոնից մինչև Աբուլ գազ տանի, ծախսը շատ է, կարող է ներդրած փողը 30 տարվա հետ վերադրաձնի: Այս հարցով մի քանի անգամ գրել ենք նախարարություն, առաջինն Աբուլ գյուղն է գրած, հետո Սամսարներն են: Պետք է սպասենք:
Ինչ վերաբերում է ճանապարհներին, շատ ճիշտ եք, այսօր խորհրդարանում բարձրլեռնային հանձնաժողով կա, այս վերջին նիստի ժամանակ որոշում կայացվեց, որ մինչև 2021 թվականի վերջ մենք պիտի բոլոր բարձրլեռնային գյուղերի ճանապարհներն ասֆալտապատենք, սա օրենքն է ասում, պիտի սպասենք, միանգամից չի լինում, կամաց-կամաց ամեն ինչ կլինի»:
Աբուլ գյուղի բնակիչները զարմացած են, ինչպես է հնարավոր իրենց գյուղի պաղ աղբյուրներից Խորենիա գյուղի համար խմելու ջուր տանել, երբ իրենք գյուղում խմելու ջուր չունեն:
Բանն այն է, որ Աբուլ գյուղում խմելու ջրի համակարգ անցկացվել է, սակայն սխալ իրականացրած աշխատանքների պատճառով, գյուղի ջրատարն անընդհատ պայթում է, չի դիմանում ջրի ճնշմանը, արդյունքում գյուղում խմելու ջրի խնդիրն օրակարգային է:
«Մենք ձեզ ասում ենք, որ երկու գյուղի իրար դեմ չլարեք, բախում մի ստեղծեք: Մենք ոչ մի գյուղի հետ խնդիր չունենք: Բայց այսպես չի կարող լինել: Մեր կչկչան աղբյուրը կտրում են, որ Խորենիա ջուր քաշեն, դա մեր սրբավայրն է, հանգստյան գոտին»,- նշեց գյուղի բնակիչներից մեկը:
Մեկ ժամից ավելի տևած հանդիպման ավարտին գյուղի բնակիչները և տեղական իշխանության ներկայացուցիչները փոխհամաձայնության եկան, որպեսզի գյուղի բնակիչներից 10 հոգանոց աշխատանքային խումբ ստեղծվի, ովքեր իշխանության ներկայացուցիչների հետ դեմառդեմ հանդիպում կունենան: Տեղական իշխանության ներկայացուցիչները կայցելեն Աբուլ գյուղ և կփորձեն լուծում տալ բնակչությանը հուզող խնդիրներին:
Առավել մանրամասն կարող եք դիտել Jnews-ի ուղիղ եթերում.