Մինչև 2018 թվականն «Ախալքալաքի պատվավոր քաղաքացու» կարգավիճակն ստացած անձինք գրանցված չեն: Այն բանից հետո, երբ Ախալքալաքի մունիցիպալիտետը հաստատեց «Պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին» որոշումը, մինչ այժմ որևէ մեկը չի արժանացել այդ կոչմանը:

Ախալքալաքի մունիցիպալիտետում չկա պատվավոր քաղաքացիների ցանկ, քանի որ նրանց նախկինում չէին գրանցում, սակայն փոքրիկ քաղաքում հիմնականում հիշում են, թե ում է շնորհվել այդ պատվո տիտղոսը: Առաջինը տիտղոսը շնորհվել է Լևոն Բիչախչյանին` քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ անշահախնդիր օգնություն ցուցաբերելու համար: Տարբեր ժամանակներում այս կոչումն ստացել են հետևյալ անձինք՝ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, բանասեր Մերուժան Տեր-Գուլանյանը, բարերար Թումաս Չիվչյանը և այլք:

2018 թվականին ուժի մեջ մտավ Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշումը, որով կարգավորվում է այս կոչումը թեկնածուներին ներկայացնելու կարգը: Փաստաթղթի համաձայն՝ պատվավոր քաղաքացու կոչումը կարող է շնորհվել ցանկացած քաղաքացիության և ազգության մարդուն, ով նշանակալի ներդրում է կատարել հասարակության զարգացման գործում: Պատվավոր քաղաքացի կարող են լինել ինչպես գիտաշխատողներ, այնպես էլ այլ, ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ` բժիշկներ, արվեստագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ և այլոք:

Հիմա, տիտղոսն ստանալու համար բոլոր ցանկացողները պետք է անձամբ իրենց թեկնածությունը ներկայացնեն մունիցիպալ մարմիններին, կամ էլ դա նրանց փոխարեն կարող է անել մեկ այլ անձ, ով թեկնածուին արժանի է համարում այս կոչմանը:

Ախալքալաքի բնակիչները կարծում են՝ այս կոչումը պետք է ստանան այն մարդիկ, ովքեր որոշակի օգուտ են բերել քաղաքին և հասարակությանը: Օգտակար գործերի թվում ոմանք անվանում են քաղաքում կարգուկանոնի և մաքրության հաստատումը, ոմանք էլ` երիտասարդների համար մշակութային և ժամանցային միջոցառումների, երեխաների համար տարբեր զարգացնող խմբակների կազմակերպումը: Մարդիկ համարում են, որ «պատվավոր քաղաքացին» պետք է օրինակելի ապրելակերպ վարի և օրինակ ծառայի մնացածներին: Պոտենցիալ «պատվավոր քաղաքացու» մյուս վաստակը կարող է լինել՝ բարեգործությունը, քաղաքաշինությունը, քաղաքի զարգացումը ճարտարապետական տեսանկյունից, ինչպես նաև սահմաններից դուրս իր ծննդավայրի փառաբանումը:

«Մեզ բոլորիս կոչում են քաղաքացիներ: Մենք Վրաստանի քաղաքացիներ ենք, Ախալքալաքի քաղաքացիները: Ապրում ենք մեր սովորական կյանքով, սովորական հետաքրքրություններով, մենք փորձում ենք ապահովել մեր ընտանիքի, մեզ համար բարենպաստ կենսապայմաններ, բայց կան քաղաքացիներ, որոնց համար առաջին տեղում ոչ միայն իրենց ընտանիքն ու երեխաներն են, այլև իրենց քաղաքը, հայրենիքը: Նրանք իրենց առջև խնդիր են դնում, ինչ-որ բանով, իրենց հնարավորությունների ներածին չափով, նպաստել հայրենի քաղաքի բարգավաճմանն ու շրջապատող մարդկանց բարեկեցությանը: Նրանց նպատակն է իրենց լուման ներդնել հայրենիքի զարգացմանը, կյանքն իրենց շուրջն ավելի լավը դարձնել, քան այն հիմա է: Այո, նման մարդիկ կարող են անվանվել «Պատվավոր քաղաքացիներ»», – ասում է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լարիսա Սերոբյանը:

Ներկայումս, կոչումը շնորհելու որոշումը կայացնում է մունիցիպալիտետը, թերևս, հնարավոր է, որ իրենց «պատվավոր քաղաքացիներին» ընտրեն հենց քաղաքի բնակիչները:

Իսկ Դուք կցանկանայի՞ք ինքներդ ընտրել «Պատվավոր քաղաքացուն»:

Ամալյա Բաբայան