Շուտով Ախալքալաքի մանկապարտեզներում բացվելու է 5 նոր խումբ և 1 նոր խումբ` Բարալեթ գյուղում, սակայն, թե երբ և ինչպես պետք է լինի նոր աշխատողների մրցույթը թափուր աշխատատեղերի համար դեռևս մնում է առանց կոնկրետ պատասխանի:

Նոր խմբերը Ախալքալաքի մանկապարտեզներում նախատեսվում էր բացել 2017 թվականի հունվարին: Մարդիկ, ովքեր դիմում են ներկայացրել, իսկ նրանք ըստ Շրջանային վարչության տեղեկատվության 90-ն են, լարվածությամբ սպասում են մրցույթին:

Դիմողներից մեկը, ով հրաժարվեց նշել իր ազգանունը, արդեն մեկ ու կես տարի է սպասում է մրցույթին: Նա ունի բուժքրոջ կրթություն (մանկաբարձուհի): Դիմել է դայակի տեղի համար և իր կարծիքով, նրա մասնագիտությունը թույլ է տալիս իրեն դիմել մանկապարտեզում դայակ աշխատելու համար:

«Ես անհամբերությամբ սպասում եմ: Անորոշությունը սպանում է, ամեն անգամ երբ հետաքրքրվում եմ, նրանք պատասխանում են, որ դեռ ոչինչ չգիտեն, սպասում են կահույքին: Բայց հիմա ես գիտեմ, որ կահույքը արդեն ձեռք է բերվել: Ես դիմել եմ մանկապարտեզի մենեջերին և մանկապարտեզների տնօրենին: Ոչ ոք կոնկրետ պատասխան չի տալիս: Մինչ սեպտեմբերի 15-ը խմբերը պետք է բացվեն: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ նրանք արդեն ընտրել են, պարզապես չեն ուզում բացահայտ ասել: Թող ասեն, որ մենք էլ իմանանք, թե ինչ անենք », – ասում է դիմողներից մեկը:

Նախքան աշխատողներ ընդունելը և նոր խումբ բացելը, անհրաժեշտ էր խմբերի համար նախապատրաստել տարածք: Կահույքի գնման տենդեր-մրցույթը հայտարարվել էր հունվարին, սակայն տենդերի մասնակիցների միջև առաջացած վեճերի պատճառով այն ձգձգվեց: Բայց այս փուլում, հարցն արդեն լուծված է, կահույքի որոշ մասն արդեն ձեռք է բերվել, իսկ մի մասն էլ ստանալու են հաջորդ շաբաթ, ինչպես տեղեկացրեցին Շրջանային վարչությունից:

jnews.ge խմբագրությունը հաճախ շահագրգիռ անձանց կողմից ստանում է հարցեր, մանկապարտեզներում նոր խմբերի բացման մասին: Ճշտող հարցերով մենք դիմեցինք Մանկապարտեզների միավորման տնօրեն Զառա Բարբարյանին, ով կոպտորեն հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:

Մանրամասները մենք փորձեցինք իմանալ Ախալքալաքի Շրջանային վարչության մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովից:

«Մինչ ամսվա վերջ ամբողջ կահույքը կստանանք: Երբ կլինի մրցույթը, ես չեմ կարող պատասխանել: 125 տեղ իրականում (5 խմբեր՝ 25-ական երեխաներով) քաղաքում չի բացվում, քանի որ առկա խմբերը շատ ծանրաբեռնված են, անհրաժեշտ է թեթևացնել ծանրաբեռնվածությունը: Մենք ընդունելու ենք 3 – ից 5 տարեկան երեխաներին», – ասաց Վալերի Ստելմաշովը:

Նոր խմբերի մասին հարցերով, մենք դիմեցինք նաև Ախալքալաքի Շրջանային վարչություն: Մեզ տրված պատասխանում ասվում է, որ №2 և №3 մանկապարտեզներում կբացվեն երկուական խմբեր, իսկ №1 մանկապարտեզում՝ մեկ խումբ: Կբացվի խումբ նաև Բարալեթ գյուղում, ինչպես նաև գյուղի այլընտրանքային մանկապարտեզը կվերածվի սովորականի:

Ըստ Շրջանային վարչության տեղեկատվության, մանկապարտեզներում նոր խմբերի ուսուցման լեզուն կախված է ծնողների ցանկությունից: Քաղաքի մանկապարտեզ ընդունվելու բոլոր հայտերը հիմնականում կբավարարվեն: Մրցույթի ճշգրիտ ժամկետը հայտնի չէ:

Ինչպես նաև ի պատասխան մեր նամակում նշված հարցի, ասված է, որ դիմողներին մրցույթի մասին նախորոք կտեղեկացնեն նրանց դիմումների մեջ նշված հեռախոսահամարներով, ATV12 հեռուստատեսության վազող տողով և մեր տեղեկատվական կայքով http://jnews.ge/am/:

Մրցութային հանձնաժողովը որոշում կայացնելու ժամանակ հաշվի կառնի դիմողի կրթությունը, մանուկների հոգեբանական գիտելիքների իմացությունը, հանձնաժողովի անդամների հարցերին տրված պատասխանների իրավասությունը և ընդհանուր գիտելիքները սոցիալ-քաղաքական իրավիճակի մասին:

Շուշան Շիրինյան