Ախալքալաքում անձրևոտ եղանակի պատճառով Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշեցին Մշակույթի տանը:
Մշակույթի տունը լեփ-լեցուն էր:
Տատիկ-պապիկները, ծնողները իրենց երեխաների հետ եկել էին, որպեսզի տեսնեին իրենց երեխաների ելույթները:
Տեղական իշխանությունները փոքրիկ միջոցառում էին կազմակերպել երեխաների համար:
Բեմահարթակում նույնպես երեխաներն էին:
Քաղաքի մանկապարտեզների սաները երաժշտական ու պարային տարբեր համարներով շնորհավորեցին Երեխաների միջազգային տոնը:
Նշենք, որ երեխաների պաշտպանության օրը ամենահին միջազգային տոներից է: Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օր է սահմանվել 1925թ.՝ Ժնևում տեղի ունեցած «Երեխաների բարեկեցության» համաշխարհային կոնֆերանսի ժամանակ:
1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների օր անցկացնելու որոշում է ընդունել: 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է Երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ.՝ Երեխաների իրավունքների կոնվենցիան, որով երեխաները համարվում են խոցելի հատուկ խումբ: