Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում դասավանդող որոշ ուսուցիչներ, ովքեր կարգավիճակ չունեն, հնարավոր է արձակուրդային չստանան: Բանն այն է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուսուցիչների հետ աշխատանքային պայմանագիր են կնքել մինչև ուսումնական տարվա ավարտը, և ոչ թե մինչև ուսումնական տարվա սկիզբը: Jnews-ը մեկ ամիս առաջ դիմել է Ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոն, սակայն մեր գրավոր հարցմանը դեռ չեն պատասխանել:

Հետաքրքրական է, որ Ախալքալաքի շրջանում ոչ բոլոր դպրոցների տնօրենները կարգավիճակ չունեցող ուսուցիչների հետ պայմանագիր են կնքել մինչև ուսումնական տարվա ավարտը: Սակայն Jnews-ը պարզել է, որ այն ուսուցիչներին, որոնց հետ տնօրենները պայմանագիր են կքնել մինչև ուսումնական տարվա սկիզբ, խնդրել են պայմանագրերը ներկայացնել դպրոց: Նրանք սպասողական վիճակում են՝ չգիտեն, փոխելու են արդյոք պայմանագիրը:

Ուսուցիչները դժգոհում են, կատարվելիքը համարելով անարդար: Ինչո՞ւ իրենք արձակուրդային չեն ստանալու, եթե մյուսների նման ամբողջ տարին աշխատում են:

«Մեզ հետ դպրոցում պայմանագիր կնքեցին՝ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր, և հունվարից մինչև հունիսի 15-ը, դրանից հետո հայտարարում են, որ արձակուրդային չեն տալու։ Մենք դեմ էինք այդ պայմանագրին, նախ այն պատճառով, որ մեր ուսումնական տարին չի ավարտվում հունիսի 15-ին, այլ աշխատում ենք մինչև հուլիսի 10-ը: Եթե մինչ այդ մենք չհասցնենք կամ չկարողանանք քննությունները հանձնենք ու կարգավիճակ ստանանք, ապա երկու ամիս արձակուրդային չենք ստանա», – ասում են պայմանագրով աշխատող ուսուցիչները:

Չնայած ուսուցիչները կարծում են, որ դա պայմանավորած է նրանով, որ իրենք կարգավիճակ չունեն, սակայն JNEWS-ն իր հավաստի աղբյուրներից ճշտեց, որ ուսուցչի աշխատավարձն առանձին է, և ընդհանրապես կապ չունի կարգավիճակի վարձատրության հետ:

Եվ Ախալքալաքում կա դպրոց, որտեղ աշխատում են առանց կարգավիճակի ուսուցիչներ, սակայն տնօրինությունը նրանց հետ պայմանագիր է կնքել, որտեղ նշված է, որ տվյալ ուսուցիչը հրավիրված է, և ըստ այդմ՝ նրա պայմանագրի ժամկետը մինչև մյուս ուսումնական տարվա սկիզբն է։ Ինչը նշանակում է, որ նրանք ստանալու են արձակուրդային:

Այս խնդրով Jnews-ը մեկ ամիս առաջ դիմել է Ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոնին, բայց մինչև այսօր մեր գրավոր հարցերին չեն պատասխանել, իսկ հեռախոսով ասում են, որ ճշտում են տեղեկությունը: