Հասարակություն 8 Մարտի, 2019 • «Ամեն ինչ չէ, որ կարգին է մանկական թագավորությունում»  կամ Միավորման խնդիրները

Մանկապարտեզների միավորման գլխավոր հաշվապահ Աստղիկ Տաշչյանը պաշտոնանկ արվեց անցած տարվա կեսերին, նա համարում է, որ աշխատանքից նրան ազատել են ոչ թե իր արած խախտումների պատճառով, այլ այն, որ նա տեսել և նշել է տնօրինության կողմից իրականացված խախտումները: Միավորման տնօրենը չի մեկնաբանում հաշվապահի մեղադրանքները, սակայն ասում է, որ աշխատանքից հեռացումը չի հակասում օրենքին: Քաղաքապետարանում քննարկում են Միավորման կատարած աշխատանքի մասին ընդհանուր զեկույցը:

Մանկապարտեզների միավորումը ստեղծվել է 2016 թ. հունիսին՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակայության տակ, որպես առանձին իրավաբանական անձ: Մինչ այդ յուրաքանչյուր մանկապարտեզ իր սեփական տնօրենն ու հաշվապահն ուներ, արդյունքում մնաց ընդամենը մեկ տնօրեն և մեկ հաշվապահ: Մնացած հաշվապահները աշխատանքից հեռացվեցին, իսկ մանկապարտեզների տնօրենները դարձան կառավարիչներ: Միավորման նախագահ է նշանակվել Զառա Բարբարյանը, իսկ հաշվապահ` Աստղիկ Տաշչյանը:

2018 թ. ամռանը Աստղիկ Տաշչյանը հեռացվել էր աշխատանքից այն պատճառով, որ գնացել էր արձակուրդի: Ինքը կարծում է, որ աշխատանքից ազատել են, որպեսզի նա չնկատեր և չնշեր խախտումները: Աստղիկը պաշտոնանկությունը բողոքարկել է Ախալքալաքի Շրջանային դատարանում: Դատավարությունը տևել էր 2018 թ. նոյեմբերից մինչև 2019 թ. փետրվարի վերջ: Արդյունքում, դատարանը չէր բավարարել Աստղիկ Տաշչյանի հայցը, սակայն նա պատրաստվում է բողոքարկել դատական որոշումը վերաքննիչ դատարանում:

«Եղավ 10-15 դատավարություն, և գործը քննարկվեց որպես վարչական: Աշխատանքից ազատել կարելի է, եթե խախտումը լուրջ է, մյուս դեպքերում` նախազգուշացում գոյություն ունի, կարող են գանձել ձեր աշխատավարձից որոշակի տոկոս և այլ տարբեր միջոցներ: Աշխատանքից ազատելը վերջին քայլն է, երբ այլ ելք չկա: Արդեն բոլոր դատական նիստերից հետո, երբ բոլոր վկաներն արդեն հարցաքննվել էին, նրանց փաստաբանը միջնորդեց, որ սա վարչական գործ չէ, այլ քաղաքացիական: 5 ամիս վարչական էր և հանկարծ փոխեցին քաղաքացիականի: Երբ նրանք չկարողացան ապացուցել էթիկական նորմերի խախտումը, վերջում մտածեցին տիկին Աստղիկը 5 օր աշխատանքից բացակայել է, նախքան նա գրել էր դիմում օգոստոս ամսին և արձակուրդ խնդրել: Եթե գործը լիներ վարչական՝ 5 օրվա համար չէին կարողանա ազատել: Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ դատավորը հատուկ փոխեց դատական գործը քաղաքացիականի, որպեսզի նրանք այս 5 օրերը որպես հիմք վերցնեին, կոպիտ խախտում համարեց և չբավարարեց մեր հայցը: Նրանք գտնում են, որ արձակուրդի գնալը համաձայնեցված չի եղել տնօրինության հետ», — ասում է Աստղիկ Տաշչյանի փաստաբան Վասիլ Բալախաձեն:

Նա նաև նշում է, որ Աստղիկ Տաշչյանը դիմել է ֆինանսական ոստիկանություն և տրամադրել բոլոր փաստաթղթերը՝ Միավորման տնօրինության խախտման առնչությամբ, սակայն այնտեղից արդեն երկրորդ տարին է լուր չկա:

Ինքը՝ Աստղիկ Տաշչյանը պնդում է, որ Միավորման տնօրենը չարաշահում է իր պաշտոնը և, ըստ էության, Մանկապարտեզների միավորումը ղեկավարում է տնօրենի ամուսինը` Արթուր Բարբարյանը:

«Նախևառաջ 3000 լարի էր հատկացվել տրանսպորտային ծախսերի համար, իսկ որպես տաքսու վարորդ աշխատում էր տնօրենի ամուսինը: Նա նաև մանկապարտեզի մատակարարն էր, պայմանագրի հիման վրա, որը կնքվել էր դեռ մինչև Միավորման կազմավորումը, որը ստորագրվել էր Միավորվան ստեղծման նախօրեին: Եվ բնական էր, որ պայմանագիրը չէր կարելի խզել: Արդյունքում մենք 3,50 լարիանոց ջեմը գնում էինք 8 լարիով: Սկզբում ես չգիտեի իրական գները, երբ իմացա, ինձ մեղավոր զգացի: Ստացվում է, մենք գնում էինք ապրանքը բարձր գներով», — պատմում է Աստղիկը:

Նա պատմում է, որ տնօրենի հետ իր կոնֆլիկտը սկսվել էր դեռ 2017 թվականին, երբ տնօրենը նշել էր, որ հաշվապահը չի կատարել իր հանձնարարությունը:

«Նա ամուսնու հետ միասին գնացել է Լիլո և խաղալիքներ գնելու, քանի որ Միավորումը պետք է խաղալիքներ գներ, դրա համար գումար էր նախատեսված: Տենդերով չէր, նրանք վերցրել էին այնքան գումար, որպեսզի տենդեր չհայտարարեին, այլ պայմանագիր կնքեին, 5000 լարիից քիչ գումար էին սահմանել: Նա (Արթուր Բարբարյանը) գտել էր Մղդեսյան ազգանունով ձեռնարկատիրոջ, որը նրա հարեւանն էր:

Նա այդ Մղդեսյանից ստացել է լիազորագիր և կնոջ հետ պայմանագիր կնքել՝ այդ խաղալիքները ձեռք բերելու համար: Ես ասացի, որ մինչև մանկապարտեզներին խաղալիքները չհասնեն, ես ոչ մի փոխանցում չեմ կատարի: Այդ ժամանակ տնօրենն ինձ ասաց, որ ես փոխանցում կատարեմ, քանի որ նրանք խնդիրներ ունեն, որ նրանք վարկեր և տոկոսներ ունեն բանկերում: Եթե իմ սեփական փողն ունենայի, ես կցանկանայի օգնել, բայց ես չէի կարող գնալ իմ խղճի դեմ», — պատմեց Աստղիկ Տաշչյանը:

Նա նաև պատմեց, որ սա առաջին դեպքը չէր, 2016 թ.-ին տնօրենի հրահանգի համաձայն նա փոխանցեց գորգերի գնման համար գումարը, մտածելով, որ գորգերն արդեն ձեռք են բերվել: Սակայն մանկապարտեզները ընդունման և հանձնման ակտեր չեն ստորագրել, պնդելով, որ նրանք գորգեր չեն ստացել:

«Բանն այն է, որ որպես տնտեսավար էր ընդունվել աշխատանքի Արթուր Բարբարյանի զարմիկը: Փաստացիորեն նրա անունը կար, սակայն նա չէր աշխատում: Ամեն ինչ կատարվում էր կուլուարային մակարդակով, նա ստորագրում էր բոլոր փաստաթղթերը: Սակայն տնտեսվարը ստորագրել էր այն փաստաթղթերը, որոնցում գրված էր, որ նա ստացել է գորգերը: 2016 թվականին մենք Մղդեսյանի անունով 16 000 լարի փոխանցում էինք կատարել: Տնտեսվարը ստորագրել էր, որ նա ստացել է գորգերը, սակայն պարզվեց, որ չի ստացել: 5 ամիս անց գորգերը բերվեցին, բայց Աստված գիտի, թե ինչ գորգեր էին և ինչպես են դրանք բաշխվել», — պատմեց նա:

Աստղիկ Տաշչյանի խոսքերով, պաշտոնանկ լինելուց մեկ տարի առաջ նրան աշխատանքից հեռացնելու առաջին փորձն է եղել: Հենց այդ ժամանակ էլ՝ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին, նա դիմել է ֆինանսական ոստիկանությանը, ինչպես նաև քաղաքապետարանին, որտեղ ստեղծվել է հանձնաժողով, որը ստուգել է մանկապարտեզները: Այդ ժամանակ հաշվապահին աշխատանքից չեն հեռացրել:

Մանկապարտեզների միավորման տնօրենն ասում է, որ եթե հաշվապահի պաշտոնանկության ժամանակ նա խախտումներ ունենար, ապա դատարանը կբավարարեր նախկին հաշվապահի հայցը:

«Մանկապարտեզների միավորման գլխավոր հաշվապահ Աստղիկ Տաշչյանը զբաղեցրած պաշտոնից հեռացվել է Վրաստանի աշխատանքային օրենսդրության կոպիտ խախտման պատճառով, որը հաստատվել է Ախալքալաքի դատարանի որոշմամբ:

«Դատարանում իմ որոշումը ճշմարիտ են համարել: Դատարանը որոշումը իմ օգտին չէր կայացնի, եթե ապացույցները, որոնք նա ներկայացնում էր դատարանին, լինեին ապացուցող», — ասաց Զարուհի Բարբարյանը:

Մեր հարցերին՝ նախկին հաշվապահի կողմից իրեն ուղղված մեղադրանքների վերաբերյալ, նա զերծ մնաց մեկնաբանություններ անելուց:

Մանկապարտեզների միավորումը, որպես ուսումնական հաստատություն, անմիջականորեն ենթարկվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայությանը: Այս ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովը պարզաբանեց, որ ծառայությունը, որը գլխավորում է ինքը, զբաղվում է ընդհանուր գործընթացով, համակարգմամբ: Ծառայությունը իրավունք չունի հանդիմանություն անել կամ աշխատանքից հեռացնել:

«Ես կարող եմ ասել, որ բոլոր իրավաբանական անձանց շրջանում, վերջին տարիներին և ակտերը, և դիտողությունները մանկապարտեզների պատճառով էին: Բնականաբար, եթե աշխատում ես, ապա առանց սխալների չի լինում: Մանկապարտեզների աշխատանքում կան պահեր, որոնք անհասկանալի են, սակայն վեճի ժամանակ երկու կողմերին էլ լսում են: Ինչ վերաբերում է ամուսնուն, կարող եմ ասել, որ ամուսինը փաստացիորեն այդքան էլ չի ղեկավարում, այլ դա որոշակի մարդկանց հավաստիացումն է: Կարող եմ միայն ասել, որ վերջերս բոլորիս դուր չի գալիս Մանկապարտեզների միավորման աշխատանքը: Պարսավանքը շատ է: Մեկ խնդիրներ են լինում մթերքների հետ, մեկ տենդերի ձախողման, կամ միս չկա, կամ մեկ այլ բան, այս մասին մենք շատ ակտեր ունենք, ստուգում ենք, ուղարկում ենք զեկուցագրեր, քաղաքապետը հավաքում է այս ամենը և վերջում քաղաքապետն է որոշում կայացնում», — ասում է Վալերի Ստելմաշովը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում նույնպես դժգոհ են Մանկապարտեզների միավորման աշխատանքից և Ախալքալաքի Սակրեբուլոյում նույնպես հիշեցին աուդիտի ծառայությանը, որն էլ պետք է զբաղվի կառույցների աշխատանքի ներքին հսկողությամբ:

«Քաղաքապետարանի հանձնաժողովին միացավ մեր հանձնաժողովը, իմ խնդրանքով ներգրավվեցին 2 պատգամավոր: Աստղիկ Տաշչյանի պաշտոնանկության հետ մանկապարտեզների թեման չի փակվում: Մի քանի օր առաջ կրկին հայտարարություն է եկել մանկապարտեզներից մեկի մենեջերի կողմից: Բողոք Միավորման տնօրենի, նրա ամուսնու դեմ, որ աշխատանքը վատ է կազմակերպվում: Շատ բաների շուրջ կան բողոքներ: Ինչ-որ կեղծ ընկերություն է բացվել, և նույնիսկ մեր հանձնաժողովին տրամադրել են Արթուր Բարբարյանի սեփական արտադրության սպասք լվացող միջոցներ: Բոլոր մանկապարտեզները մի ամիս չունեին մթերք: Ճաշացանկում կար միս, բայց մանկապարտեզները միս չէին ստանում: Ընդհանուր կարանտինը հունվարին էր, դա եղավ նրա բախտից: Նրա աշխատանքը պետք է լինի քաղաքապետարանի հսկողության տակ, ինչո՞ւ դա չի արվում: Քաղաքապետարանում նոր ծառայություն է բացվել` աուդիտ: Ում մասին խոսում են, որ այնտեղ իրենց բարեկամն է աշխատում: Փաստորեն, դա ապօրինի է, քանի որ բաեկամական կապեր կան: ազգականը, իսկ օրենքի համաձայն այդ հարցերով պետք է զբաղվի աուդիտը», — մեկնաբանում է Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:

Այս պահի դրությամբ Քաղաքապետարանում Ախալքալաքի քաղաքապետի կողմից պատրաստվում է մանկապարտեզների և Միավորման գործունեության առնչությամբ զեկուցագիր:

«Մենք գիտենք, որ շատ խնդիրներ կան, որոնք կուտակվել են մանկապարտեզներում: Այս առիթով բոլոր փաստաթղթերը պատրաստված են: Հիմա այն փուլն է, երբ մենք մտածում ենք, ինչպես վարվել, ինչ անել: Ես գիտեմ, որ աուդիտի ծառայությունը պարբերաբար ստուգումներ է անցկացնում, այլ բան չեմ կարող ասել», — ասում է փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը:

Քրիստինե Մարաբյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝