Ջավախքում կարտոֆիլի բերքահավաքին զուգահեռ մեկնարկել է նաև գազարի բերքահավաքը։ Խավեթ գյուղը ևս բացառություն չէ: Սեպտեմբերի սկզբին տեղացած ուժեղ կարկուտը վնասել է գազարի ցանքատարածությունները, ինչի պատճառով դժվարացել է բերքահավաքը։

Կարկուտը վնասել է գազարի ցողունը դժվարացնելով բերքահավաքը, գյուղացիները այժմ ստիպված են փորելով հատիկ-հատիկ գազարները հանել հողից։
գազար - 1
Գյուղում քչերն են գազար ցանել մշակման դժվարություների և ցածր գնի պատճառով։ Խավեթում նշում են, որ այս տարի անցած տարվա բերքի կեսն էլ չեն հավաքի։ Գյուղացիները հույս ունեին, որ գազարի գինն այս տարի  բարձր կլինի, բայց լրիվ հակառակն է ստացվել, գազարի գինը ոչ միայն ցածր է, այլև իրացման խնդիր ունեն:

Գնորդներից մեկի խոսքով, ով գյուղում փոխանակում է  անում,  այս տարվա գազարի բերքը փչացած է։ Կարկուտը վնասել է գազարի հողից դուրս մնացած հատվածները և գյուղացին վնասված գազարը չի կարող իրացնել։

«Ստիպված եմ գազարն ինքս իմ ձեռքով ընտրել և դասավորել, քանի որ այս տարվա բերքը վնասված է, չեմ կարող բարձր գնով գնել ու վերավաճառել։ Նախ մեծ շուկաներում էլ գինը բարձր չէ, և հետո ես վնասված գազարը չեմ կարող բարձր գնով վերավաճառել», – նշում է առևտրականը:
գազար - 1
Խավեթցիների խոսքով, գազարի գնորդները շատ չեն և շուկան ինչ գին թելադրի, իրենք ստիպված կհարմարվեն,  որ ունեցած բերքն էլ չփչանա:

1 կգ գազարն այժմ գյուղացիները վաճառում են 70 թեթրիով, իսկ մեծ քաղաքների շուկաներում գինը չի գերազանցում մեկ լարին, գինը համեմատաբար բարձր է սուպերմարկետներում և խանութներում՝ 1.50-1.75 լարի:

Գազարի բերքահավաքն սկսվում է սեպտեմբերի կեսերին և ավարտվում հոկտեմբերին։ Սակայն Խավեթում կարկուտի առաջացրած դժվարություների պատճառով այն սպասվածից ավելի երկար կտևի: