Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղում տեղի ունեցած հողմապտույտը ամբողջովին պոկել է մշակույթի տան տանիքը, որտեղ գտնվում է նաև գյուղի գրադարանը։

Հուլիսի 20-ին, երեկոյան ժամը 19։30-ին Բուռնաշեթ գյուղում տեղի է ունեցել ուժեղ քամի, որը տևել է մոտավորապես 30 րոպե: Ընթացքում հողմապտույտը պոկել է մշակույթի տան տանիքը, դրան հաջորդած անձրևը ամբողջովին շարքից հանել է շենքի ներսում գտնվող գույքը, իսկ դահլիճի առաստաղը խոնավությունից կախվել է և ցանկացած պահի կարող է փլվել։
տանիք1

Շենքը 1972 թվականից ծառայում է որպես մշակույթի տուն։ Մշակույթի տան տանիքը վերանորոգվել է գյուղի բարերարների կողմից մոտավորապես 7 տարի առաջ, սակայն այսօր գյուղացիները կրկին մտահոգվում են քշված տանիքի համար, և մտավախությամբ նշում՝

«Մեր գյուղի դպրոցը հրդեհվել էր, միայն 10 տարի հետո նորոգեցին այն, եթե այս հարցն էլ նման լուծում ստանա, արդյունքում գյուղը կմնա առանց մշակույթի տան»։
տանիք6
Հողմապտույտը վախեցրել է բուռնաշեթցիներին:
«Մեզ թվաց մեր տանիքն է փլվել, հետո տեսանք որ ձայները մշակույթի տան տանիքի ձայներն են, քանդված փայտերն ու թիթեղները մոտակա տների բակերն էին ընկել, բախտներս բերեց մարդ չվնասվեց», – մեզ հետ զրույցում ասաց գյուղի բնակչուհին, ով չցանկացավ ներկայանալ։
տանիք
Աղետի երկրորդ օրը Բուռնաշեթի մշակույթի տան շենքում շրջեցինք և ականատես եղանք խոնավացած պատերին և ջրապատ հատակներին, որոնք արդեն կեսօրի արևի ջերմությունից սկսել էին չորանալ։ Մշակույթի տունը Բուռնաշեթում երիտասարդների համար նաև ժամանցի վայր է:
տանիք5
«Մեր դահլիճը շրջանում 2-րդն է՝ Ախալքալաքի մշակույթի տան դահլիճից հետո, իսկ հիմա բնական աղետի վնասի պատճառով կարող է ընդհանրապես քանդվել։ Սա միակ վայրն է որտեղ գյուղի երիտասարդները անցկացնում են ազատ ժամանակը, մենք գյուղացիներս մեր ուժերով բիլիարդի և թենիսի սեղան ենք առել, առանձին սենյակում մարզասրահի պարագաներ ենք տեղադրել, ամեն ինչ դասավորած է, գյուղի պարի խումբը նույնպես այս շենքում է գործում, իսկ հիմա կարծես ամեն ինչ միանգամից վերացավ», – մեզ հետ զրույցում ասաց Բուռնաշեթի մշակույթի տան պատասխանատու Անուշ Խնկոյանը։
տանիք4

Այսօրվա դրությամբ Բուռնաշեթի գրադարանը նույնպես գտնվում է «բաց երկնքի» տակ, չնայած քամուն հաջորդող անձրևը արդեն հասցրել է վնասել գրքերը, սակայն թե ինչ վիճակ էր տիրում գրադարանում չկարողացանք տեսնել, քանի-որ պոկված տանիքը փակել էր մուտքը։

Շենքի վնասների և հանձնաժողովի ստուգումների մասին զրուցեցինք Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանի հետ:

«Նման դեպքերում մենք օգտվում ենք ռեզերվային ֆոնդից, քանի-որ ռեզերվի ֆոնդի մնացած գումարը չի բավարարում, դիմել ենք կառավարությանը։ Ընդհանուր վնասը համարժեք է մոտավորապես 45 հազար լարիի, հիմա սպասում ենք պատասխանի, որ նոր սկսենք աշխատանքները ու ներկայացնենք ծրագիր»։

Ջուլիետա Տոնականյան