Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի մշակույթի տունը, որի բեմը փլվել էր համերգի ժամանակ, կվերանորոգվի, բայց դեռ հստակ չէ երբ: Պարի խումբը, որը պարապում էր այնտեղ, տեղ չունի դասերի համար։
Դեկտեմբերի 16-ը վերջին օրն էր, երբ գյուղի մշակույթի տունը իր հարկի տակ էր հավաքել համագյուղացիներին: Այդ օրը տեղի «Կարին» ազգագրական պարի խումբը հաշվետու համերգ էր տալիս։ Համերգի ժամանակ բեմը փլվեց և այդ օրվանից դադարեցված են պարի դասերը և ակումբը չի գործում։
Մենք ականատես եղանք, թե ինչպես «Կարին» խմբի սաները, տեսնելով իրենց պարուսույցին ոգևորվեցին ու «ցույց» կազմակերպեցին պահանջ-խնդրանքով, որպեսզի շարունակեն պարի փորձերը, պարուսույցին տվեցին թերթ, որի վրա գրված էր «Պահանջում ենք թողնել (հեղ․ թույլ տալ) պարի փորձեր կատարելու»։
Բեմի փլուզման մասին նյութերից հետո Դամալայի Մշակույթի տունը փակվեց վթարային վիճակի պատճառով, չնայած որ այդ վիճակը տիրում էր այնտեղ և դրանից առաջ: Այսօր արդեն Ասպինձայի իշխանությունները խոստացել են վերանորոգել Մշակույթի տունը:
«Տեղական իշխանության ներկայացուցիչների հետ գյուղում հանդիպում է եղել և առաջնային բարձրաձայնվել է մշակույթի տան հարցը, իշխանությունը շուտով ձեռնարկելու է վերանորոգման աշխատանքներ։ Պատրաստվում են վերանորոգումը տանիքից սկսել, հույս ունենք գյուղի հովանավորները ևս կաջակցեն գյուղի համար բարեկարգ շինություն ունենալու հարցում», – մեզ հետ զրույցում ասաց Դամալայի մշակույթի տան տնօրեն Վարսենիկ Սահակյանը։
Սակայն, երբ կիրականացվի վերանորոգումը, դեռ պարզ չէ, ֆինանսներ նորոգման համար Ասպինձայի բյուջեում դեռ նախատեսված չէ: Այս մասին մեզ հայտնեց Ասպինձայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատու Օթիկո Ցինաձեն:
«Վերանորոգումը տեղի կունենա, երբ որ ֆինանսական միջոցներ հայտնվեն: Մենք տեղյակ ենք այս մասին, և ամեն ինչ անում ենք, որ կարգավորենք հարցը», – ասաց նա:
Իսկ մեր հարցին, թե արդյոք այս տարի հնարավոր է Մշակույթի տան վերանորոգումը, նա պատասխանեց, որ այս տարվա բյուջեն արդեն պլանավորված է և նման ծախսերը չեն նախատեսված:
Քանի որ գյուղում հավատում են և սպասում վերանորոգմանը, փորձեցինք ևս մեկ անգամ ճշտել Ասպինձայի սակրեբուլոյի գյուղի պատգամավորից:
«Ես շատ լավ գիտեմ մեր գյուղի խնդիրների մասին, իշխանությունների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնվել է գյուղի մշակույթի տան վերանորոգման հարցը, սակայն առայժմ անորոշ է», – ասաց Էմին Բալոյանը:
Նրա խոսքով, ոչ միայն բանավոր քննարկում է եղել, այլ նաև գրավոր ծրագիր է ներկայացվել, իսկ ինչ վերաբերում է պարի խմբի գործունեությանը, որը ըստ պատգամավորի, դադարեցվել է ԶԼՄ-ների լուսաբանման պատճառով, կշարունակվի ոչ թե մշակույթի տանը, այլ հատուկ սենյակ կհատկացվի։ ՄԵր հարցին, թե պետական բյուջեից բացի վերանորոգման համար այլ աղբյուրենրի արդյո՞ք տեղեկացրել է գյուղի խնդրի մասին, Էմին Բալոյանը, ասաց, որ գյուղի բարերարները ևս տեղյակ են խնդրի մասին և գործն ընթացքի մեջ է:
Սոնա Տոնականյան