Դեկտեմբերի 16-ին Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղի՝ Դամալայի մշակույթի տան բեմը փլվեց գյուղի «Կարին» ազգագրական պարի համույթի հաշվետու համերգի ժամանակ, սակայն համերգային ծրագիրը չդադարեցվեց:

3

Դամալայի մշակույթի տունը կառուցվել է 1936 թվականին, վերջին անգամ վերանորոգվել է մոտ 40 տարի առաջ: Մշակույթի տան վարիչ Վարսենիկ Սահակյանը նույնիսկ շենքային վատթար պայմաններում տարբեր միջոցառումներ է կազմակերպում երիտասարդների համար ակտիվ մշակութային կյանք ապահովելու համար: Թե մշակույթի տան վարիչը, թե պարող երիտասարդները գիտակցում են, որ նման պայմաններում միջոցառում իրականացնելը բեմի վրա ռիսկային է:

1

Դամալայի մշակույթի տան խնդրի վերաբերյալ ավելի վաղ jnews-ը անդրադարձել էր, սակայան մինչև այսօր որևէ դրական փոփոխություն չի եղել: Եվ ցավոք այսօր իրականություն դարձավ նախորդ նյութում եղած կանխատեսումը, որ հնարավոր է մի օր բեմի փտած տախտակը կոտրվի պարելու ընթացքում:

Երեխաները ամբողջ տարվա ընթացքում իրենց սովորած պարերն էին ներկայացնում համագյուղացիներին, իսկ վերջիններս հիացմունքով ու հպարտությամբ նայում: Հանկարծ բեմի տախտակը ներս ընկավ, պարողներից մեկը վնասեց ոտքը, մյուսը կոշիկը, սակայն համերգը շարունակվեց առանց խառնաշփոթի, կարծես բոլորի համար սպասելի էր:

6

Խնդրի վերաբերյալ խոսեցինք Ասպինձայի շրջանի մշակույթի բաժնի պատասխանատու Օթիկո Ցինաձեի հետ: Նա տեղյակ չէր շաբաթ օրվա դեպքի մասին, սակայն տեղյակ է, որ մշակույթի տունը վերանորոգման կարիք ունի: Օթիկո Ցինաձեն նոր է պաշտոնավարման անցել, նա խոստացավ, որ մոտակա իրագործվող ծրագրերում կներառի նաև Դամալայի մշակույթի տան խնդիրը։

4

Մինչ փորձում էինք երիտասարդներից հետաքրքրվել, թե արդյո՞ք չեն վախեցել և պատրա՞ստ են նորից գալ նույն տեղը պարի դասերի, նրանք պայմանավորվում էին հաջորդ փորձի օրը նշանակելու վերաբերյալ:

5

Սոնա Տոնականյան