Ջավախքում երիտասարդների մեծ մասը մասնագիտական ընտրություն է կատարում ելնելով ծնողների խորհրդից: Եվ ԲՈւՀ-ն ավարտելուց հետո վերադառնալով երբեմն բախվում են աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրների հետ: Ո՞րն է դրա պատճառը, արդյո՞ք երիտասարդները ընտրում են այն մասնագիտությունները, որոնք շրջանում պահանջված են, այս և այլ հարցերի պատասխանները JNEWS-ը փորձել է պարզել Ախալքալաքի տեղական իշխանություններից:
Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի կարծիքով, շատ անգամ երիտասարդները մասնագիտություն են ընտրում ոչ թե մտածելով, որ հետագայում կարող են աշխատել այդ մասնագիտությամբ, այլ ծանոթների կամ ընտանիքի անդամների խորհրդով: Շատ կարևոր է, որ նախքան մասնագիտություն ընտրելը երիտասարդը հետազոտի այն հասարակությունում եղած մասնագիտական պահանջը, որում պատրաստվում է ապրել և աշխատել:
Մասնագիտական պահանջի մասին խոսելով Նաիրի Իրիցյանն առանձնացնում է բիզնես ոլորտը: Նշելով, որ շրջանում լավ հաշվապահների կարիք կա, ովքեր հետևողական են օրենքների փոփոխություններին, տիրապետում են նաև միջազգային ստանդարտներին և կարող են բավարար չափով պաշտպանել այն բիզնեսը, որի համար աշխատում են:
«Հաճախ երիտասարդները հետ վերադառնալով փնտրում են ինչ-որ գրանտներ, որոնք այդ պահին կարող են գումար բերել: Նրանք չեն մտածում սկսել այնպիսի գործ, բիզնես, որը կզարգանա և եկամտի մշտական աղբյուր կդառնա, հենց սա է խնդիրը, նրանք չեն փորձում միասնական ուժերով փորձել ինչ որ աշխատանք անել»:
Իրիցյանն առանձնացնում է նաև բժշկական և մանկավարժական ոլորտները, որտեղ կադրերի համալարման և եիրասարդացման անհրաժեշտություն կա: Ախալքալաքի գյուղերում բուժքույրերի պակաս կա, իսկ դպրոցներում՝ քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն և այլ առարկաների մասնագետների:
Միաժամանակ հավելելով, որ հնարավոր է որոշ ժամանակ անց այսօրվա պահանջարկը փոփոխվի և առանձնացված մասնագիտություններ կորցնեն իրենց արդիականությունը: Ինչպես օրինակ՝ երկաթգիծը չբացվեց և իմաստ չուներ երիտասարդներին կոչ անել որևէ մասնագիտություն ընտրել, որի միջոցով կկարողանային այդտեղ աշխատանքի տեղավորվել:
«Եթե շրջանի գյուղերի իրավիճակին նայենք, ապա կտեսնենք, որ ամբողջ շրջանում միայն մեկ անասնաբույժ կա: Հաճախ երիտասարդները մտածում են, որ պարտադիր է համալսարանական կրթությունը, բայց հաշվի չեն առնում, որ լավ զոդող կամ խոհարար դառնալու համար ևս կարելի է մասնագիտանալ»:
JNEWS-ի հետաքրքվեց, արդյոք պետական մակարդակով ուսումնասիրվե՞լ է շրջանին անհրաժեշտ մասնագիտությունները և աշխատաշուկայի պահանջարկը, Նաիրի Իրիցյանը պատասխանեց.
«Այդպիսի ուսումնասիրություն չի արվել, բայց գտնում եմ, որ դրա վրա պետք է բոլորը աշխատեն, ինչպես պետական կառույցները, այնպես էլ բիզնես ոլորտի ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունները»:
Վերջինս երիտասարդներին կոչ է անում մասնագիտություն ընտրելիս երկար մտածել, ուսումնասիրել աշխատաշուկան և խորհուրդ հարցնել տարբեր ոլորտների մասնագետներից, որպեսզի կարողանան ճիշտ որոշում կայացնել:
Քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, այս պահին Ախալքալաքի քաղաքապետարանում թափուր աշխատատեղեր կան, որոնց կարող է դիմել ցանկացած մարդ, եթե համապատասխանում է նշված պահանջներին:
«Այսօրվա դրությամբ քաղաքապետարանում ամենաշատը բարձրակարգ նախագծողի կարիք կա, որը կկարողանա կազմած նախագծերն ուսումնասիրել, շտկել սխալները, լրացնել բացթողումները և անել համապատասխան ավելացնումներ»:
Քաղաքապետը նկատում է՝ երիտասարդության շրջանում դրական տենդենց կա և շատերն են ձգտում բարձրագույն կրթություն ստանալ:
«Մեր երիտասարդների մեծ մասը տիրապետում է պետական լեզվին, որը մեր շրջանի համար մեծ ձեռքբերում է: Կարծում եմ, այս սերունդն իր ստացած գիտելիքով և հնարավորություններով կկարողանա նպաստել մեր շրջանի զարգացմանը»:
Մելքոն Մակարյանն ասում է՝ ամեն մարդ ինքն է ընտրում իրեն հարմար մասնագիտություն՝ հաշվի առնելով իր կարողություններն ու նախասիրությունները: Ամենակարևորն այն է, որ կիսատ չթողնեն կրթությունը և վստահ լինեն, որ իրենց ստացած գիտելիքներով կարող են պիտանի լինել իրենց ընտանիքին ու հայրենիքին:
«Կադրային քաղաքականության առումով անհրաժեշտ է հեռանկարային լուծումների մասին մտածել: Պետք է պետական կառույցները, ոչ կառավարական կազմակերպությունները, երիտասարդները համագործակցեն, որպեսզի արդյունք ունենանք»: