Նախկին զինվորական ավանը եւ Ջիվանու թաղամասն Ախալքալաքի հետ կապող հետիոտնային կամուրջը կրկին «ծածկված» է միջանցիկ անցքերով: 2019 թ. բյուջով նախատեսված է վերանորոգել այս կամուրջը, սակայն Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքային բաժինն ասում է, որ այս տարի կապիտալ վերանորոգում չի լինի:

Փայտե կամրջի երկարությունը մոտ 200 մետր է: Այս կամուրջը միակ հետիոտնային ճանապարհն է, որը կապում է քաղաքը «Ջիվանու» թաղամասի եւ նախկին №1 զինվորական ավանի հետ: Վերջին անգամ կամուրջը հիմնովին վերանորոգվել է 8-10 տարի առաջ, իսկ դրանից հետո մի քանի անգամ իրականացվել է առանձին անցատախտակների մասնակի վերանորոգում: Այսօր կամուրջը կրկին վտանգավոր է տեղաշարժման համար: Փտած տախտակների վրա կա երկու տեղ, որտեղ ձեւավորվել են խոշոր անցքեր, որոնց միջոցով բացվում է հեռավոր գետի գեղատեսիլ բնապատկերը: Կամրջի փայտյա ծածկը փտել է երկարատև ձմեռվանից հետո եւ նոր անցքերը կարող են ի հայտ գալ ամեն օր:

20190423_132722

2019 թ. մարտի 20-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն 2019 թ. բյուջեում հաստատել էր փոփոխություններ: Այդ փոփոխությունների թվում նաեւ հաստատվել էին 769 018 լարի ընդհանուր արժեքով ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ծախսերը: Այդ նախագծերից մեկն էլ քաղաքը թիվ 1 նախկին զինվորական ավանի հետ կապող կամրջի վրայի «արահետի» բարեկարգումն է, որի համար հատկացվել է 29 133 լարի:

Քաղաքապետարանի պլանավորման բաժնից նշեցին, որ այս տարի նախատեսվում է կամրջի ընթացիկ վերանորոգում, սակայն հիմնովին վերանորոգում կկատարվի հաջորդ տարի:

20190423_132731

Նշենք, որ կամուրջը նաեւ ծածկված է կեղտով, այն չի մաքրվում, ավազը, որը լցվել է ձմռանը՝ մերկասառույցի հալման համար, շարունակում է մնալ կամրջի եզրերին:

Այնուամենայնիվ, ինչ վերանորոգում են պատրաստվում անցկացնել տեղական իշխանությունները 29 133 լարիով, կփորձենք հստակեցնել մեր մյուս նյութերում:

Շուշան Շիրինյան