Տոնավաճառի վաճառողներն իրենց դիմումի պատասխանն ստացան Ախալքալաքի շրջանային ժողովից: Վաճառողները դիմում-բողոք գրեցին, երբ տոնավաճառի տարածքի վարձակալի իրավասություններն անցան Ժորա Սաարյանին:
2015 թ.-ի փետրվարի 9-ին տոնավաճառի վաճառողները դիմում-բողոք գրեցին տեղական իշխանություններին և ոստիկանությանը, որտեղ իրենց դժգոհությունն էին հայտնում վարձակալի, նրա պահվածքի, ինչպես նաև առևտրային տեղերի գների համար, որը վերջինս է սահմանել: Մարտի 16-ին տոնավաճառի վաճառողները պատասխան ստացան Ախալքալաքի շրջանային ժողովից, որտեղ ասվում է.
«Ախալքալաքի Վարչության և Վանցյանի անվան այգու տարածքի վարձակալի միջև կազմված պայմանագրում նշված չէ առևտրային տեղերի կոնկրետ տարածքն ու գինը: Ինչը նշանակում է, որ գինը սահմանում է հենց վարձակալը և մենք իրավունք չունենք վարձակալին կարգադրելու վերականգնելու կամ վերանայելու իր սահմանած գինը: Դուք ինքներդ պետք է աշխատանքային պայմանագիր կազմեք վարձակալի հետ փոխադարձ համաձայնությամբ:
2015թ.-ի հունվարի 27-ին Ադամ Այվազյանը պայմանագրով հաստատված իր լիազորությունները հանձնել է Ժորա Սաարյանին, ով իրավունք ունի Ձեզ հետ պայմանագիր կազմելու տոնավաճառի առևտրային տեղերի վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է վաճառողների առևտրային պայմաններին, առևտրային տեղերի բարեկարգման կամ պահեստների ստեղծմանը, ապա դրա վերաբերյալ վարձակալին ցուցումներ պետք է տա Ախալքալաքի շրջանային Վարչությունը:
Ձեր դիմումում նշված է, որ Ժորա Սաարյանը Ձեր հասցեին անպարկեշտ խոսքեր է ասել, այս դեպքում Դուք պետք է դիմեք իրավապահ մարմիններին».