Դադեշի մոտ 50 բնակիչ եկել էին Ախալքալաք, խորհրդարանի պատգամավորի հետ հանդիպման, պարզելու՝ թե արդյոք կա առաջընթաց նրանց գյուղից անասունների գողության գործում: Նրանք դժգոհ են, որ գողերը դեռ չեն գտնվել, և սահմանի հսկողությունը չի ամրապնդվել:

Դադեշ գյուղում մարդիկ հուզված և վրդովված են, որ արդեն մեկ շաբաթ է անցել, որ իրենց գյուղից անասուններ են գողացվել և տեղափոխվել Թուրքիա, իսկ արդյունքներ դեռ չկան: Մանավանդ, երբ թուրքական կողմի տեսախցիկները գրանցել են անասունների և գողերի անցումը:

Գյուղացիների խոսքերով, գյուղում լարված իրավիճակ է: Բնակիչները վախենում են անպաշտպան սահմանի համար: Նրանք պահանջում են, որ մեղավոր սահմանապահներին գտնեն և պատժեն:

Գյուղի բնակիչ Մանվել Մովսիսյանը կարծում է, որ երկու երկրների սահմանապահ ուղեկալի ղեկավարները միմյանց հետ պայմանավորվածություն ունեն:
«Եթե թուրքական կողմը ցանկանար գողերին արդեն գտած կլիներ: Մենք ուզում ենք սահմանապահներին պատասխանատվության ենթարկեն: Մենք ուզում ենք, որ նրանց պատժեն: Սա ոչ միայն դադեշցիների հարցն է, այլ ամբողջ տարածաշրջանի անվտանգության խնդիրն է: Ինչքան պիտի մենք համբերենք, մինչ նրանք բարեհաճեն սահմանն ամրապնդել: Նրանք ազատ ելք ու մուտք են անում, բայց մեզ թույլ չեն տալիս», – ասում է Մանվել Մովսիսյանը:

Ռուդիկ Հակոբյանը նույնպես վրդովված է սահմանապահների աշխատանքից:

«Ինչպես է հնարավոր 50 մ հեռավորության վրա չտեսնել: Ուրեմն ինչու է կանգնել այդտեղ: Մեկ ուղեկալ էլ թող ավելացնեն: Միշտ միևնույն տեղից են տեղափոխում անասուններին: Սա առաջին անգամը չէ», – ասում է Ռուդիկ Հակոբյանը:

Արտաշես Ղանդյանը տուժածներից է: Նա հույս ուներ, որ այսօր որևէ լուր կլսի այս գործի հետ կապված:

Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը դադեշցիներին ասաց, որ անընդհատ զանգում և հետաքրքրվում է:
«Ինձ պատասխանեցին, որ սահմանապահներն ու ոստիկանությունը ակտիվ աշխատում են: Նրանք դեռ չեն կարող ասել արդյունքների մասին: Ես խորհրդարանում պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ եմ, և հենց առաջին նիստի ժամանակ կբարձրացնեմ սահմանային անցակետի ամրապնդման և տեսախցիկներով համալրման հարցը», – ասաց Հենզել Մկոյանը:

Դադեշցիները դեռ չգիտեն, թե ինչ են անելու, բայց նրանք ասում են, որ չեն լռելու, մինչ հասնեն արդարության:

Շուշան Շիրինյան