Ախալքալաքի տոնավաճառի վաճառողներն արդեն մի քանի ամիս չեն վճարում առևտրական տեղերի համար: Ախալքալաքի քաղաքապետարանի որոշմամբ` նրանք չեն վճարելու այնքան ժամանակ, քանի դեռ տոնավաճառը ինքնակամ չի սպառի իրեն:
Երկար տարիների ընթացքում քաղաքային տոնավաճառի տարածքը, որը ձևավորվել էր 90-ականներին. ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` առանց աշխատանքի մնացած մարդկանց համար եկամտի աղբյուր էր, և ոչ միայն նրանց համար: Տոնավաճառը եկամտաբեր բիզնես էր այն անձանց համար, ովքեր տնօրինում էին տարածքը որպես իրենց սեփականություն` բաժանելով առևտրական տեղերը: Այն ժամանակ տոնավաճառը կերակրում էր 100–ից ավելի ընտանիքների:
Սակայն ժամանակի ընթացքում ի հայտ եկան խանութներ, ոմանք տեղափոխվեցին այնտեղ առևտուր անելու, իսկ մի մասն էլ պարզապես դադարեց առևտուր անել: Արդյունքում այս տեղը այսօր էլ շարունակում է կերակրել տասնյակ ընտանիքների, ովքեր չեն կարող խանութներում վճարել բարձր վարձավճար:
Ապրանքն այստեղ` խանութների համեմատ, ավելի էժան է, ինչը ձեռնտու է գնորդին: Առևտրական առանձին տեղերի համար տոնավաճառի վաճառորդները վճարում էին 30-50 լարի և ավելին:
Վերջին մի քանի տարիների ընթացքում այդ գործընթացը քիչ թե շատ օրինականացվել էր, հայտարարվում էր տենդեր. ով հաղթում էր, առևտրականներից հավաքած որոշակի գումար էր մտցնում Ախալքալաքի քաղաքապետարանի բյուջե: Ելնելով տենդերի մասնակիցների քանակից` գործը բավականին շահավետ էր ու ոչ ծախսարար, քանի որ դրա շահագործման համար ոչինչ չէր արվում, տենդերը հաղթողներից ոչ մեկն այդպես էլ տարածքը չբարեկարգեց:
Իշխանություններն էլ իրենց հերթին մշտապես ասում էին, որ մտադիր են վերացնել տոնավաճառը և փոխարենը հիմնել զբոսայգի: Տոնավաճառի հարակից տարածքը սեփականաշնորհվել էր ու կառուցվել է շինություններ:
Ախալքալաքի քաղաքապետարանի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, տոնավաճառի տարածքի շահագործման վերաբերյալ տենդեր այլևս չի հայտարարվի ու վաճառորդներից առևտրական տեղերի մուծումներ չեն գանձվի:
«Ես կուզենայի, որ այն ընդհանրապես փակվեր, և առևտրականները տեղափոխվեին խանութներ: Այո, այն քաղաքապետարանի սեփականությունն է, որի համար հայտարարվում էր տենդեր, 25000-30000 լարի մտնում էր քաղաքապետարանի բյուջե, և ինչքան փող էին դրանից աշխատում` միայն Աստված գիտի: Մեզ շատերն են դիմում, որպեսզի նորից հայտարարվի տենդեր` ստանում են բացասական պատասխան: Այնտեղ աշխատում են մի քանի կանայք, պետք չէ, որ ինչ-որ մեկը նրանց հայհոյի ին 30 թեթրիի համար, դատարան դիմի», -ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Քաղաքապետը նաև նշեց, որ տոնավաճառը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ առևտրականները չեն ցանկանա անցնել խանութներ ու կառուցվող հսկայական առևտրի տուն: Մինչ այդ քաղաքապետարանն իր վրա կվերցնի տարածքի մաքրումը և այնտեղ կտեղադրի զուգարան, որի կարիքն ունեն առևտրականները: Սակայն մասնավորապես երբ կկառուցվի զուգարանը, դեռ հայտնի չէ, 2018 թվականի ծրագրերի մեջ դրա կառուցումը նախատեսված չէ:
Քրիստինե Մարաբյան