Վաչիան գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանությունից մեկ ու կես տարի անց նրանց տանը ոչինչ չի փոխվել: Հարազատների և գյուղացիների կարծիքների մեջ նույնպես ոչինչ չի փոխվել, նրանք կարծում են, որ սպանության գործը չի լուծվել և պահանջում են տեղեկատվություն հետաքննությունից:
Կարմիր, աղյուսե դամբարանում հանգչում են Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներ՝ մայրը և 3 երեխաները, ովքեր սպանվել են 2016 թ. հուլիսի 10-ին Վաչիան գյուղում, իրենց սեփական տանը: Ճակատագրի հեգնանքով, գերեզմանատունը, որտեղ թաղված են Քաչոտյանները, գտնվում է իրենց տան կողքին:
Սպանվածների տունը մեզ ցույց տվեցին նրանց հարազատները, քանի որ ընտանիքի գլխավորն այժմ գտնվում է Ռուսաստանում: Այս տան մեջ, կարծես ժամանակը կանգ է առել, փոշու մեջ հրդեհի հետևանքով առաջացած մրերը դեռ պատմում են 2016 թ.-ի հուլիսի 10-ի գիշերվա ողբերգական պատմությունը: Սենյակում, որտեղ քնում էր 5-ամյա Սերգեյը, մնացել են խաղալիքները: Մի փոքր ավելի հեռու պահարանի վրա մեծ երեխաների` Արմինեի և Ասյայի գրքերն ու տետրերն են, իսկ խոհանոցում ընտանիքի տանտիրուհու Օֆելիայի իրերը:
Մեկ այլ սենյակի պատերն ու հատակը մրի մեջ են, այստեղ փորձել են այրել սպանվածներին, փաթաթելով գորգերի մեջ: Մյուս սենյակում սեղանի վրա դրված աթոռներն են, որոնցով փակել են սենյակի մուտքը և փորձել այրել Քաչոտյաններին: Խոհանոցում պոկված է գազի խողովակը, հանցագործը փորձել է թաքցնել իր հանցագործության հետքը գազի պայթյունի միջոցով, ինչը նրան չի հաջողվել:
Քաչոտյանների սպանության մեջ մեղադրանքով հաջորդ օրը ձերբակալվել է Վաչիան գյուղի բնակիչ Նոդար Ակոպովը, բայց նա ինքնասպան եղավ 2016 թ.-ի օգոստոսի 27-ին Գլդանի №8 բանտում: Վաչիան գյուղի բնակիչները, զոհվածների հարազատները և մերձավորները չեն հավատում Ակոպովի ինքնասպանությանը:
«Ընտանիքի հայրը մեկնել է Ռուսաստան: Ես գրում եմ դիմումը, իսկ պատասխանը գալիս է՝ «Մենք դեռ հետաքննում ենք»: «Մենք վստահ չենք, որ այն մարդը, ով կասկածվում էր, կախվել է բանտում, քանի-որ բանտարկյալներին ուժեղ վերահսկում են: Ես Թբիլիսի նույնպես մեկնեցի և ասացի, եթե կախվել է, ինչու չեք ցույց տալիս մեզ: Մեզ ցույց տվեցին մի նկար, որ իբր նա կախվել է: Ախալցիխեում մեզ ասացին, որ այդ տեղեկությունը կարող է տրվել միայն ընտանիքի հորը և փաստաբանին», – պատմում է սպանված Օֆելյայի հայրը` Ալեքյան Խաչատուրը:
Վաչիանցիները պնդում են, որ Ակոպովը միայնակ չորս մարդ սպանել չէր կարող: Ակոպովի ձերբակալվելուց հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Բակուրիանի, որտեղից կասկածյալի հայրն էր:
«Նա բոլորից վերցրեց հեռախոսները, ակնհայտ էր, բայց իմ թոռնուհիները մեծ էին, եթե մեկից վերցներ, մյուսը կզանգեր ինչ-որ մեկին: Այս ամենում գլխավոր դերը, իմ կարծիքով, կատարում էր նրա մայրը: Ինչու նրան չեն հարցաքննում, նրանք հարևաններ էին: Իմ դուստրը, հավանաբար, բացել է դուռը նրա առաջ: Նա չէր կարող բացել դուռը տղամարդու առաջ: Ասում են, որ մայրը, իբր խելագարվել է», – ասում է Ալեքյան Խաչատուրը:
Սկեսրայրի Քաչոտյան Արամայիսի խոսքերով, իրավապահ մարմինները գործնականում ոչ մի տեղեկատվություն չեն տրամադրում գործի ընթացքի մասին:
«Մեզ զրկեցին զավակներից: Մենք իրավունք չունենք իմանալ, թե ո՞վ է մեր թշնամին: Գուցե վաղը նրանք ցանկանան մեզ սպանել: Նա իբր մեռնելուց առաջ նամակ է գրել, որտեղ գյուղից երեք մարդու անուն-ազգանուն է նշել: Նրանց բռնել են հետո ազատ արձակել: Դա փորձառու հանցագործի ձեռքի գործ է: Այդ տղաները չէին կարող դա անել: Ես Ախալցիխեում եղել եմ, մեզ ասացին, որ ձեր ոստիկանությունը թող բացատրի: Ասում են, որ մենք աշխատում ենք այդ գործի վրա», – ասաց Արամայիս Քաչոտյանը:
Մեզ տեղեկություններ չտրամադրեց, Նոդար Ակոպովի ինքնասպանության մասին, Վրաստանի նախկին հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին, ով հետաքննում էր Ակոպովի ինքնասպանությունը, հիմնավորելով մերժումը գաղտնիությամբ: Իբր Ակոպովի հարազատները չեն տվել իրենց համաձայնությունը այդ գործի հրապարակային քննարկմանը:
Քաչոտյանների փաստաբանը նույնպես չի մեկնաբանում գործի ընթացքը` հրաժարվելով պատասխանել մեր հարցերին:
Սպանված ընտանիքի հարազատները` Քաչոտյանները և Ալեքյանները, Jnews.ge-ի խմբագրակազմին խնդրեցին պարզել ինչ-որ տեղեկություններ իրենց հարազատների սպանության մասին: Ինչը մենք կփորձում ենք անել:
Քրիստինե Մարաբյան