Գայանե Ավետիսյանն անգլերենի երիտասարդ ուսուցչուհի է։ Նա արդեն 8 տարի աշխատում է №2 ռուսական դպրոցում, դասավանդման ընթացքում կիրառում է նոր, հետաքրքիր, ինտերակտիվ մեթոդներ։
Գայանեի խոսքով՝ ինքը լեզվաբան դառնալու համար ոգեշնչվել է ամենավերջին պահին՝ համալսարան դիմելուց առաջ:
«Երևի այդ ամենը վաղ մանկությունից է եկել: Մորաքույրս անգլերենի ուսուցչուհի է, նա ինձ տանում էր իր դասերին»,- պատմում է նա։
Ուսմանը զուգահեռ նա դասավանդել է լեզվի մասնավոր կենտրոնում։
«Ինձ շատ դուր եկավ, այնտեղ դասավանդման և՛ արդյունավետ, և՛ աֆեկտիվ մեթոդներ կային, այսինքն՝ հաշվի էին առնվում յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունները: Ավելի փոքր տարիքի դեպքում առաջադրանքները տարվում էին խաղային ձևաչափով: ՄԵնք շատ էինք սիրում նշել տոները»:
Գայանեն կարծում է, որ մեկ այլ մասնագիտության մեջ կարող ես քեզ թույլ տալ մի փոքր անզգույշ լինել, բայց եթե դասավանդում ես, ուրեմն պետք է ամբողջությամբ տրվես մասնագիտությանդ։
Գայանեն դասը միշտ սկսում է նախավարժությամբ: Դա կա՛մ բանաստեղծություն է, կա՛մ երգ, կա՛մ աշակերտների շփումը միմյանց հետ: Նախ՝ դա ուղղված է լեզվի վարժմանը, երկրորդը՝ երեխաների մերձեցմանը։ Նաև նրա դասերը չեն անցնում առանց գաջեթների՝ ինտերնետի, դինամիկների, նոութբուքի օգտագործման: Պրոյեկտորով միշտ չէ, որ հաջողվում է դաս վարել, բայց Գայանեն փորձում է ինքնուրույն ելք գտնել սեփական միջոցներով։
«Ամսական առնվազն 3-4 անգամ ինտերակտիվ դասեր ենք կազմակերպում, մեծերի հետ ավելի շատ են լինում, քանի որ երբեմն խաղը փոքրերի կողմից լուրջ չի ընկալվում, նրանք թուլանում են, կարգապահությունը տուժում է: Դա երևի պայմանավորված է նրանով, որ ոչ բոլոր դասերին են երեխաները ակտիվություն ցուցաբերում, և նրանք սովոր չեն դրան»,- կիսվում է Գայանեն։
Նա նշում է, որ նույնիսկ թույլ աշակերտները երբեմն լավ արդյունքներ են ցույց տալիս, եթե նրանց մոտիվացնել։
«Վերջերս մենք անցանք թեմա եղանակի մասին, ես երեխաներին խնդրեցի «Եղանակի տեսություն» թեմայով տեսահոլովակ նկարահանել: Սկզբում ասացի, որ նրանց կգնահատեն ու կընտրեն լավագույն տեսահոլովակը, բայց բոլոր տեսահոլովակներն էլ ստացված էին, անհնար էր ընտրել որևէ մեկը, նույնիսկ թույլ աշակերտներն էին լավ կատարել առաջադրանքը»:
Գայանեն կարծում է, որ որոշ մարդկանց մոտ լեզվի նկատմամբ նախատրամադրվածության առկայությունը, մյուսների մոտ՝ բացակայությունը, սովորական թյուր կարծիք է, կարծրատիպ:
«Կարծում եմ, ընդհակառակը, նա, ով ավելի մաթեմատիկական մտածողություն ունի, լեզուն ավելի լավ կսովորի, քան մեկ ուրիշը»:
Գայանեն հակված է կարծել, որ օտար լեզու սովորելու ճանապարհին հիմնական խնդիրներից մեկը ժամանակի սղությունն է թե՛ մեծերի, թե՛ երեխաների դեպքում։
«Եթե վերցնել դպրոցական ծրագիրը, շաբաթական 2-3 դասաժամ է, սա շատ քիչ է, իսկ մեծերն աշխատում են, ընտանիք ունեն, ամբողջ ժամանակը ծախսում են դրանից որևէ մեկի վրա»։
Մանկավարժական գործունեության ընթացքում Գայանեն շատ բան է սովորել գործընկերների փորձի շնորհիվ, ովքեր գալիս են իր բաց դասերին և արձագանք տալիս, ինչպես և ինքն է գնում նրանց մոտ։ Երեխաներն իրենք էլ են թելադրում իրենց կարծիքները, իսկ ուսուցիչը ժամանակի ընթացքում սովորում է հարմարվել դրանց:
«Օրինակ, նոր թեմայից հետո մենք հաճախ հարցնում ենք՝ ամեն ինչ հասկանալի՞ է: իհարկե, աշակերտները կպատասխանեն՝ այո, և ոչ ոք չի ասի, թե իսկապես ինչ-որ բաց հարցեր կան: Փոխարենը ես օգտագործում եմ ազդանշանային քարտեր: Նյութը բացատրելիս, երեխաներն ունեն քարտեր՝ կանաչ և կարմիր: Եթե աշակերտը ինչ-որ բան չի հասկանում, նա բարձրացնում է քարտը, և ես հասկանում եմ, որ նրան պետք է նորից բացատրել: Այս կերպ մենք երեխաներից հանում ենք ամաչելու հատկությունը՝ ամբողջ դասարանի առջև ընդունել, որ ինչ-որ բան չի հասկացել: Միևնույն ժամանակ, ես միշտ շեշտում եմ, որ քարտը ցույց տալու մեջ վատ բան չկա»։
Գայանեն ակտիվորեն վարում է Instagram-ի իր էջը, որտեղ տեսանյութեր է տեղադրում իր սաների ակտիվությունների մասին։ Դրա նպատակներից մեկն է ցույց տալ ծնողներին, թե ինչպիսի առաջադիմություն են ցույց տալիս իրենց երեխաները: