Ախալքալաք քաղաքի կենտրոնական փողոցի վերանորոգման աշխատանքները բացասաբար են անդրադառնում տեղական բիզնեսի վրա: Պատասխանատուները հայտարարում են, որ այն կշարունակվի առնվազն ևս երկու շաբաթ:
Խանութների և բենզալցակայանների սեփականատերերը բողոքում են, որ Աղմաշենեբելի փողոցում վերանորոգման պատճառով իրենց ձեռնարկություններում առևտուրը գրեթե կանգ է առել:
«Արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ ոչ ոք չի մտել իմ խանութ, բացառությամբ այն մարդկանց, ովքեր ապրում են հարևանությամբ», – ասում է Աղմաշենեբելի փողոցում գտնվող խանութի սեփականատերը:
Առևտուրը կանգ է առել նաև «Rompetrol» բենզալցակայանում, իսկ դրա հարևանությամբ գտնվող վուլկանիզացիան ընդհանրապես փակվել է:
Ըստ սեփականատերերի՝ վերը նշված վայրերում վերանորոգման աշխատանքների մեկնարկից առաջ հաճախորդները հերթ էին կանգնում:
Ըստ լցակայանների աշխատողների, վերջին օրերին նրանց մոտ միայն պետական մեքենաներն են լիցքավորվում:
Ականատեսների վկայությամբ՝ վերոհիշյալ բենզալցակայանում մեքենաները լիցքավորող մարդիկ օգտագործում են «ապրիլի 9-ի» զբոսայգին՝ լցակայանի տարածք մտնելու համար:
Օբեկտների տերերը դեմ չեն ճանապարհի վերանորոգմանը, բայց նաև չեն ցանկանում, որ իրենց բիզնեսը դրանից տուժի: «Կարելի էր այլ կերպ անել, պետք չէր միանգամից ամբողջ ճանապարհը փակել», – ասում է խանութի սեփականատերերից մեկը:
Ըստ «Ճանապարհաշինության N1 վարչություն» ընկերության աշխատակիցների` վերանորոգման աշխատանքները կտևեն առնվազն ևս երկու շաբաթ:
Հիշեցնենք, որ 2019 թ.-ի հուլիսի 29-ից, Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում սկսվել էին ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքները: Մի քանի օրվա ընթացքում եզրաքարերն ապամոնտաժել էին, իսկ հին ասֆալտը քանդել:
Վերանորոգման տենդերը հայտարարվել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի կողմից՝ 2019 թվականի ապրիլի 18-ին, 19 038 910 լարիի չափով: Տենդերին մասնակցել էր 4 ընկերություն, բայց այն շահել էր «Ճանապարհաշինության N1 վարչությունը»` 14 749 992.92 լարիով:
Պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 10-ին և այն ուժի մեջ է մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը:
Բրատիսլավ Իգիթխանյան