Բորժոմի շրջանի Տաբածղուրի գյուղի 3 բնակիչ և Ախալքալաքի շրջանի Մոդեգամ գյուղի 1 բնակիչ մնացել են առանց անձնագրերի, նրանց խոսքերով, 2017 թվականի աշնանը փաստաթղթերը վերցրել են ոստիկանական համազգեստով մարդիկ և մինչև այսօր հետ չեն վերադարձրել։
Մենք եղանք Տաբածղուրի գյուղում և զրուցեցինք առանց անձնագրի մնացած մարդկանց հետ, իրողությունը հետևյալն է.
Վլադիմիր Հակոբյանը թե՛ Վրաստանի և թե՛ Հայաստանի քաղաքացիություն ունի։ Շրջկենտրոն գնալու ճանապարհին նրան կանգնեցրել են Ռազմավարական օբյեկտների խողովակաշարի պաշտպանության Ցիխիսջվարիի բաժնի (չի ճշտված) աշխատակիցները: Վլադիմիրը ներկայացրել է վարորդական իրավունքը, որը հայկական է, նրան հարցրել են երկքաղաքացիություն ունենալու մասին և նա չի ժխտել: Պահանջել են երկու երկրի քաղաքացիությունն հավաստող անձնագրերը, այդ պահին Վլադիմիրի մոտ չի եղել հայկական անձնագիրը, սակայն Վրաստանի անձնագիրը տվել է Ցիխիսջվարիի բաժնի աշխատակիցներին, նրան 24 ժամ են տվել, որպեսզի հայկական անձնագիրը ևս ներկայացնի։ Վլադիմիրի խոսքով, երեկոյան իրենց տուն են եկել ոստիկանության աշխատակիցները և հայկական անձնագիրը տնից տարել։ Տանելուց հետո Վլադիմիրը մի քանի անգամ եղել է Բորժոմիում, դիմել է մի շարք քաղաքական գործիչների, որոնք խոստացել են օգնել, որ անձնագրերը նորից հետ ստանա։ Բորժոմիից նրանց ուղարկել են Ախալցխա, որտեղ դիմում են գրել, սակայն դիմումը ևս մինչ օրս անպատասխան է։
Արսեն Խաչատրյանը գնացել է մորաքրոջ աղջկան դիմավորելու, Բակուրիանիում վերոնշյալ բաժնի աշխատակիցները նրանից անձնագիր են պահանջել, ապա եկել տնից վերցրել են երկու անձնագրերը, հիմնավորելով որ նա մինչև Հայաստանի քաղաքացիություն ստանալը, պետք է հրաժարվեր Վրաստանի քաղաքացիությունից, եթե չի հրաժարվել, ապա նրա քաղաքացիությունը օրինական չէ և տնից վերցրել են նրա 2 անձնագիրն էլ։ Արսեն Խաչատրյանը բանավոր շատերին է դիմել, թե քաղաքապետին, թե դեպուտատներին, սակայն գրավոր ոչ մի տեղ չի դիմել։ Մեր հարցին, թե ինչո՞ւ դիմում չի գրել համապատասխան կառույցներին, նա պատասխանեց, որ գյուղի ճանապարհներն է մաքրում և գյուղական առօրյան թույլ չի տալիս հավելյալ թղթաբանությամբ զբաղվելու։
ՄԵնք չկարողացանք զրուցել Տաբածղուրի գյուղի այն բնակչի հետ, ում անձնագրերը ևս տնից եկել վերցրել են։ Գյուղացիներն ասում են, որ նրանց տանը նույնիսկ խուզարկություն են իրականացրել։
Հունվարի 23-ին jnews.ge-ին անդրադարձել էր Մնացական Չախալյանի խնդրին: Բակուրիանի գնալու ճանապարհին նրան կանգնեցրել էին Ռազմավարական օբյեկտների խողովակաշարի պաշտպանության Ցիխիսջվարիի բաժնի աշխատակիցները, նրանք վերցրել էին և՛ հայկական, և՛ վրացական անձնագրերը, ասելով, որ պետք է ստուգեն և համոզվեն անձնագրերի օրինական լինելու մեջ և հետ չեն վերադարձրել մինչ օրս։
Նշենք, որ նույն խնդրի վերաբերյալ հետաքրքրվել էր նաև Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, սակայն Մնացական Չախալյանի գործով մինչ օրս ոչ մի նորություն չկա:
Փետրվարի 27-ին jnews.ge-ին դիմել է Վրսատանի ՆԳՆ ճշտելու, թե արդյոք վերոնշյալ ծառայության աշխատակիցները իրավունք ունեն վերցնելու մարդկանց անձնագրերը և ինչ ընթացք է ստացել այս խնդիրը: Մինչ այսօր մենք սպասում ենք պատասխանին: Այն ստանալուց հետո կներկայացնենք Ձեր ուշադրությանը:
Սոնա Տոնականյան