Ախալքալաքում ավելի ու ավելի շատ երիտասարդ աղջիկներ են սկսել հետաքրքրվել ասիական մշակույթով և ձգտել դեպի արևելյան երկրներ։ Ի՞նչն է նրանց գրավում կորեական երգերում, ո՞րտեղից է գալիս նրանց սերը ասիական մշակույթի հանդեպ, որքանո՞վ է դա լուրջ և շատ ավելին Jnews-ը պարզել է ախալքալաքցի երիտասարդ աղջիկների հետ զրույցում։
Վերջերս Ախալքալաքի երիտասարդության մի մասի բառապաշարում հայտնվել են նոր բառեր BTS, K-Pop, dorama, anime, manga, kimbap, idol, ramen և շատ այլ բառեր։ Ինչպես պարզվում է, շատ երիտասարդներ «սիրահարված են» Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Չինաստանի մշակույթին։ Սրանք այն երկրներն են, որտեղ երազում են հայտնվել շատ երիտասարդներ, ովքեր կամ պատահաբար կամ ուրիշների առաջարկությամբ սկզբում տարվել են կորեական երգերով, հետո ֆիլմերով, մշակույթով, ուտելիքներով և այլն։
Վեներա Մարգարյանը 16 տարեկան է: Ասիական երկրների հանդեպ նրա հետաքրքրությունը առաջացել էր, երբ առաջին անգամ լսել էր «տարօրինակ» լեզվով երգը, թարգմանել էր դրա բառերը և դրանք պարուրել էին նրա հոգին։ Հենց այդժամ նա որոշել էր սովորել այդ լեզուն։
«Ամեն ինչ սկսվեց շոու-բիզնեսից, K-Pop-ից: Նախ կար մի երգ, որն ինձ դուր էր գալիս, ես դիտել էի տեսահոլովակը: Եվ ինձ ասացին, որ սա OST է կորեական ֆիլմից: Այդպես ես գտա այդ ֆիլմը, հետո լսեցի երգերը, և այդպիսով ես խորապես սուզվեցի K-Pop-ի մեջ: Ես Instagram-ում աշխատել եմ որպես թարգմանիչ անգլերենից ռուսերեն, կորեերենից անգլերեն և ռուսերեն»,- պատմում է նա:
Վեներային դուր է եկել այն, որ K-Pop-ը ոչ միայն ժամանցի և զվարճանքի համար է, այլև այն ազդում է մարդու ինքնավստահության վրա։
«Լինի դա BTS-ը թե Black Pin-ը, նրանց երգերն ասում են՝ առաջ շարժվիր, դու կարող ես, դու ուժեղ ես, քո մոտ ամեն ինչ կստացվի, և դա ուժ է տալիս նպատակներ դնելու ու հասնելու դրանց: Դա ինձ օգնեց բացվել: Ես շատ էի մտածում դրա մասին և նույնիսկ ուզում էի այնտեղ սովորել, բայց վերջում հասկացա, որ անգլերենն ինձ ավելի մոտ է: Չեմ բացառում, որ կգնամ Կորեա, դա իմ երազանքն է, և ես դրան էլ կհասնեմ, իսկ որպես երրորդ լեզու համալսարանում ես կընտրեմ չինարենը»,- ասում է Վեներա Մարգարյանը։
Ելենան, ինչպես Վեներան, ուսումնասիրում է կորեերենը, սակայն նա սկսել է հետաքրքրվել Ասիայով դրամաների (կորեական հեռուստանովելներ) միջոցով։
«Մի անգամ զարմիկս ինձ հրավիրեց իր հետ կորեական սերիալ դիտելու: Այս հեռուստասերիալի գլխավոր հերոսը Idol էր, ես սկսեցի լսել նրա երգերը և այդպես խորացա: Վերջերս ես շարադրություն եմ գրել իմ իդեալի մասին, ում կցանկանայի նմանվել: Այն ոգեշնչման մասին, որ տվել են ինձ, և ես գրել եմ BTS-ի մասին, թեև նրանց երգերը կորեերեն են, բայց ես գիտեմ դրանց իմաստը։ Նրանց երգերի խոսքերը ուժ են տալիս ինձ, ասում են՝ սիրի՛ր քեզ, գնա՛ առաջ, մի՛ հանձնվիր (…): Քանի որ ես պատրաստվում եմ սովորել միջազգային հարաբերությունների ուղղությամբ, բացի անգլերենից կարող եմ ընտրել երկրորդ լեզու և այն կլինի չինարենը: Ես ինձ միշտ տեսնում եմ որպես դեսպան այնտեղ կամ Կորեայում, եթե ընտրեմ կորեերենը»,- ասում է Ելենա Գաբրիելյանը, ով 17 տարեկան է:
Մարգարիտան վաղուց հետաքրքրված է կորեական մշակույթով։ Նրա մոտ հետաքրքրությունն առաջացել էր դեռ 2015 թվականին, բոլորովին պատահաբար, սերիալների միջոցով, որը նրանք դիտում էին ընկերուհիների հետ միասին։
«Նրանց սերիալները բոլորովին տարբերվում էին նրանից, ինչին ես սովոր էի ու դիտում էի, թե իրենց սյուժեով, հումորով, գումարած դրան՝ ամեն ինչ շատ գեղեցիկ էր նկարահանված, նույնը երաժշտության դեպքում, այնտեղ կային այնպիսի վառ, գունեղ տեսահոլովակներ, ինչպես նաև երաժշտական խմբերն իրենց մոտ հիմնականում 7-12 հոգանոց են, կամ նույնիսկ ավելին, և սա ինձ համար նորից օրինաչափության խախտում էր, և առհասարակ, այն ամենը, ինչ նրանք արտադրում են (հեռուստասերիալներ, երաժշտություն, խաղեր, մանգա) շատ ձգող է, դու ուղղակի դիտում ես և չես կարողանում կանգ առնել: Բացի այդ շատերն էին հետաքրքրված դրանով, մեզ մոտ մեծ, ընկերական և մի քիչ խելահեղ ֆանդոմ էր, որտեղ բոլորս վառվում էին դրանով, պարզապես հաճելի էր և հարմարավետ էր լինել դրա մի մասը», – ասում է Մարգարիտա Խասանշինան:
Լիլիթն Instagram-ի իր ալիքում հաճախ է կիսվում K-pop այդոլների տեսահոլովակներով։ Նա, ինչպես շատերը Ախալքալաքում, հարավկորեական BTS խմբի երկրպագու է:
«Ամեն ինչ սկսվեց կորեական BTS K-pop խմբից, ես նախկինում ոչինչ չգիտեի Կորեայի մասին, խմբի մասին իմացա իմ քրոջից, սկսեցի լսել նրանց երաժշտությունը, ինչ-որ բան սովորել խմբի անդամների մասին և շուտով իմացա, որ անդամներից մեկը նկարահանվել է կորեական դորամա-սերիալում, և սկսեցի դիտել: Ինձ դուր է գալիս նրանց երաժշտությունը, սերիալները, ազգային հագուստը՝ հանբոկը, մարդկանց միջև հարաբերությունները, նրանք շատ բարի են, նրանց դա պարտավորեցնում է իրենց մշակույթը: Ինձ դուր է գալիս, որ նրանք շատ աշխատասեր են և ունեն հետաքրքիր տոներ և ավանդույթներ: Շատ եմ սիրում կորեական խոհանոցը: Կորեացիների կողմից պատրաստած որևէ ուտեստ չեմ փորձել, բայց ինքս պատրաստել եմ տարբեր բաղադրատոմսեր՝ քիմբաբ, տոկպոկի, պիբիմպապ, դեռևս այս երեք ուտեստները»,- ասում է Լիլիթ Կարախանյանը։
Ասիական երկրներն Ախալքալաքում մեծ ճանաչում են վայելում իրենց անսովոր մշակույթի և ուղերձի շնորհիվ:
Քրիստինե Մարաբյան