Jnews.ge-ին ահազանգ ստացավ Մոդեգամ գյուղի բնակիչ Մնացական Չախալյանից, ում անձնագրերը (հայկական և վրացական) Բակուրիանիի ճանապարհին ձեռքից վերցրել են Ռազմավարական օբյեկտների խողովակաշարի պաշտպանության Ցիխիսջվարիի բաժնի աշխատակիցները և արդեն 4 ամիս է հետ չեն վերադարձնում։
Ջավախքցիների համար անձնագրային խնդիրները մնում են անլուծելի, երկքաղաքացիություն ստանալը շատերի համար ապրուստի միջոց է, սակայն դրան հետևում են բազում խնդիրներ։
Մնացականը Ռուսաստանից հետ է վերադարձել Լարսի ճանապարհով, անցակետում ներկայացնելով հայկական անձնագիրը։ Այնուհետև Վրաստանից գնացել է Հայաստան և Նինոծմինդա-Բավրա սահմանը հատելուց ներկայացրել է հայկական անձնագիրը, Հայաստանից հետ վերադարձի ժամանակ՝ վրացական անձնագիրը։
Դրանից մի քանի օր անց Մնացականը գնացել է Բակուրիանի, ճանապարհին նրան կանգնեցրել են Ռազմավարական օբյեկտների խողովակաշարի պաշտպանության Ցիխիսջվարիի բաժնի աշխատակիցները և անձնագիր են պահանջել, այնուհետև նրա ձեռքից վերցրել են և՛ հայկական, և՛ վրացական անձնագրերը, ասելով, որ պետք է ստուգեն և համոզվեն անձնագրերի օրինական լինելու մեջ և այսպես 4 ամիս շարունակ հետ չեն վերադարձրել անձնագրերը։
«Նրանք ուզեցին անձնագիրս, ես ներկայացրի հայկականս, քանի որ նրանք հայկական անձնագրումս չտեսան անցակետի հետդարձի կնիքը, մտածեցին, որ սահմանն անօրինական եմ հատել, սակայն ես նրանց բացատրեցի և ասացի, որ մյուս անձնագրովս եմ անցել և ունեմ կնիք, բայց դա ոչինչ չփոխեց։ Նրանք ասացին, որ երեք օր հետո կվերադարձնեն անձնագրերս», – ասաց Մնացական Չախալյանը։
Պարզելու համար, թե ինչ անել այսպիսի դեպքերում, մենք դիմեցինք իրավաբան-խորհրդատու Վասիլ Բալախաձեին։
Նրա խոսքերով, Ռազմավարական օբյեկտների խողովակաշարի պաշտպանության Ցիխիսջվարիի բաժնի աշխատակիցներին իրավունք չի վերապահվում վերցնել կամ ստուգել անձնագրերը։
«Վրաստանի օրենսդրության համաձայն, մեր քաղաքացիները երկքաղաքացիություն ստանալու իրավունք չունեն, եթե նրանք քրեական գորձ չեն հարուցել, ապա անձնագրերը վերցնելը անօրինական է համարվում։ Գրավոր դիմում ներկայացնելուց և համապատասխան պատասխանն ստանալուց հետո պարզ կլինի ապագայում կատարվելիք գործողությունները», – ասաց Վասիլ Բալախաձեն։
Սակայն նրա խոսքերով այսպիսի դեպքերում անձը միանգամից զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից։
Մնացական Չախալյանը դիմում է ներկայացրել Ախալցիխեի դատախազություն փաստաթղթերի վերադարձի պահանջով և սպասում է պատասխանի։
Գայանե Ակոջյան