Ախալքալաքում հետիոտնը չգիտի ինչպես անցնել փողոցները, իսկ վարորդը չգիտի ինչպես վարել, որ անցորդներին չվնասել։ Վարորդները ճանապարհային նշանների տեղադրման կոնկրետ առաջարկություններ ունեն Ախալքալաքում երթևեկությունը անվտանգ ու կանոնավոր դարձնելու համար:
Ամեն անգամ խուսափելով և զգուշանալով, որպեսզի ճանապարհային նոր պատահարի հերոս չդառնան, Ախալքալաքցիները պահանջում են հետիոտնային անցումներ և նորացված ճանապարհանշաններ։ Տաքսու վարորդները խոսում են քաղաքի փողոցներում սխալ տեղադրված ճանապարհային նշանների մասին, ինչպես նաև այնպիսի փողոցների մասին, որտեղ ընդհանրապես նշան չի տեղադրված։
“Ազատության փողոցում տեղադրված նշաններին հետևելով ո՛չ աջ է կարելի թեքվել ո՛չ ձախ, շրջադարձ կատարելու համար պետք է հասնենք բերդերի մոտ։ Խաչմերուկների վրա նշան է դրված սակայն չի նշված երկարությունը, թե մինչև որտեղ է գործում նշանը, այդպիսի սխալ նշան է տեղադրված նաև դատարանի մոտ”, – ասացին վարորդները։
Ոչ միայն արգելող նշաններն են խնդիր հանդիսանում, այլ նաև կայանման համար նախատեսված նշաններ չկան։ Եթե վարորդները կայանում են, ապա ճանապարհային ոստիկանները կարող են տուգանել։
“Նշան չկա կարելի է թե՞ ոչ կայանել, ես տաքսու վարորդ եմ, ուղևորին պետք է իջեցնեմ իր ցանկացած տեղում, սակայն չեմ կարող կայանել, նրան ասում եմ տանեմ այգու մոտ իջեցնեմ, սակայն ուղևորները չեն համաձայնում, ասելով, որ իրենք վճարում են, որ իր ցանկացած տեղում կայանեմ, հենց կայանում եմ գալիս ու միանգամից տուգանում են, չեն էլ զգուշացնում”, – ասաց պարոն Արմենը։
Բնակիչները ցանկություն հայտնեցին, որպեսզի Ազատության փողոցում շուկայի մոտակայքում լուսակիր տեղադրվի, ինչը հա՛մ վարորդների համար օգտակար կլինի, հա՛մ էլ հետիոտնի։ Իսկ շուկայի մոտից մինչև փողոցի ավարտը ցանկանում են, որ տեղադրվի “կայանումն արգելվում է” նշան, ժամով, օրինակ ժամը 08:00-ից 18:00-ը, քանի որ մեքենաները կայանում են ու բնակիչները չեն կարողանում դուրս գալ տներից։
Նաև կարևորում են, որպեսզի դպրոցների մոտակայքում տեղադրվի համապատասխան նշաններ, քանի որ շատ վտանգավոր է, ինչպես ուզում այնպես վարում և քայլում են։
Վարորդները նաև բողոքեցին ճանապարհային ոստիկանների վերաբերմունքից, նշելով, որ երբ իրենք սկսում են խոսել ռուսերեն, վրացերենի չիմացության պատճառով, ոստիկանները անգամ չեն էլ պատասխանում։
“Նրանք սպասում են հարմար պահի, որ միանգամից տուգանեն։ Ես եղել եմ Վրաստանի տարբեր քաղաքներում, այնպես է պատահել, որ մեքենայիս ակը ծակվել է, ոստիկանները եկել և օգնել են ինձ, իսկ մեր մոտ հակառակը՝ երկրորդ ակն էլ իրենք կծակեն, որ երկակի տուգանեն”, – ասաց վարորդներից մեկը։
Իսկ հետիոտնը հայտնեց իր կարծիքը, ասելով, որ անցում չկա, ինչ արած պետք է անցնեն այնտեղով, որտեղ ավելի հարմար և անվտանգ է։ Վարորդների պնդմամբ, իրենք միշտ զիջում են հետիոտնին, քանի որ օրենքով այդպես է նախատեսված։
Իսկ ինչ միջոցներ կձեռնարկվեն այս խնդրի վերաբերյալ համապատասխան մարմինների կողմից, փորձում ենք ճշտել ՆԳՆ-ից։ Հետևե՛ք մեզ։
Գայանե Ակոջյան