Գիորգին և Սվետան Ախալքալաքում այն եզակի ծնողներից են, ովքեր բախվել են իրենց երեխայի զարգացման հետ կապված խնդիրներին, ուժ են գտել իրենց մեջ չլռելու դրանց մասին, ուսումնասիրել են իրավիճակը, ինչպես նաև բացել են կենտրոն, որն օգնում է նմանատիպ խնդիրներ ունեցող երեխաներին։

Զարգացման հետ կապված խնդիրներ ունեցող երեխաներն այլևս հազվադեպ չեն ինչպես Ախալքալաքի մունիցիպալիտետում, այնպես էլ ամբողջ Վրաստանում: Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում յուրաքանչյուր 60-րդ երեխան ծնվում է զարգացման խանգարումներով, իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցված է մոտ 100 այդպիսի երեխա։ Այս հարցում ամենասուր խնդիրներից մեկն այն է, որ մտածելակերպի և բավարար տեղեկատվության բացակայության պատճառով Ախալքալաքի բնակիչները հաճախ դժվարանում են խոստովանել, որ իրենց երեխան խնդիր ունի։ Նրանք կամ գերադասում են չնկատել դրանք, կամ էլ նկատում են, բայց ջանասիրաբար փորձում են թաքցնել դրանք հետաքրքրասեր աչքերից։
335055764_595367635847422_234388244304542912_n

Սվետան ու Գիորգին զգոնություն ցուցաբերեցին այն ժամանակ, երբ նկատեցին, որ երեխան չի խաղում, չի խոսում, չի արձագանքում իրենց։

«Երեխան չէր խաղում, չէր շփվում մեզ հետ, նրա համար միևնույն էր, որ տանը ուրիշ երեխա կա, երբեք նրա հետ չէր խաղում: Սակայն մենք չգիտեինք, թե ինչ անել, առհասարակ, ում դիմել»,- ասում է Գիորգին։

Այն ժամանակ՝ 4 տարի առաջ, աուտիզմի սպեկտրի խանգարումների մասին տեղեկություն չկար։ Նախ ծնողները դիմել էին մանկաբույժին, նրանց ասել էին, որ երեխան չի արձագանքում իր անվանը, ինչի համար էլ վերջիններիս ուղարկել էին նյարդաբանի մոտ։ Որոշ բժիշկներ ասել էին, որ դրանք տարիքային խնդիրներ են և ժամանակի ընթացքում կանցնեն։ Բայց քանի որ նրանց արդեն տանջում էր այն միտքը, որ երեխայի հետ ինչ-որ բան այն չէ, նրանք սկսել են դիմել այլ մասնագետների և կամաց-կամաց եկել դեպի ճշմարտությանը: Արդյունքում պարզվել է, որ երեխան ունի աուտիզմի սպեկտրի խանգարում։ Ինչպես ցանկացած ծնողի, Գիորգիի և Սվետայի համար ևս դժվար էր ընդունել այս լուրը։

«Ցանկացած ծնողի, ում ասում են, որ իր երեխան ժամանակին զուգընթաց չի զարգանում, նրա համար դա աղետ է, այլ կերպ չի կարող լինել։ Որպես մայր՝ Սվետայի համար, անշուշտ, ավելի դժվար էր, մինչ օրս էլ այդպես է, երբ նա խոսում է այդ մասին, նրա աչքերը կարմրում են, եթե նկատեցիք: Ես ավելի ուժեղ էի այս հարցում, մտածեցի, որ մենք ուղղակի իրավունք չունենք թույլ լինելու»,- պատմում է Գիորգին։

Նա նաև հավելում է, որ ընտանիքի միասնությունն ու աջակցությունը շատ կարևոր են, որպեսզի կարողանան հաղթահարել խնդիրները։

Ախտորոշումը հաստատելուց հետո Գիորգին ու Սվետան սկսում են համացանցում տեղեկություններ ուսումնասիրել, երեխային տարել են Թբիլիսի՝ պարապմունքների։ Նրանք նշում են, որ դասերից հետո երեխայի վարքագծի մեջ անմիջապես նկատվել է փոփոխություն։
0S1A9813

«Մենք հասկացանք ու ընդունեցինք մեր երեխային: Ամեն սեանսից հետո փոփոխություններ կային, հիմա եթե տեսնեք, չեք էլ պատկերացնի, թե ինչպես կարող է այս երեխան աուտիստ լինել։

Սակայն մշտական ուղեւորությունները դեպի Թբիլիսի ընտանիքի համար հեշտ չէին թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես։

«Որքա՞ն ժամանակ գնալ Թբիլիսի՝ մեկ տարի, երկու, երեք, բայց ամբողջ կյանքի ընթացքում հո չես կարող երեխայիդ տանել այնտեղ: Ես աշխատում էի, ամուսինս աշխատում էր, այո դա ֆինանսական խնդիր էր», – ասում է Սվետան:

Բացի այդ, ծանոթանալով աուտիզմի սպեկտրի խանգարումների ախտանիշներին և որոշ չափով ուսումնասիրելով դրանց մասին տեղեկատվությունը, Գիորգին և Սվետան սկսում են նկատել նմանատիպ երեխաների իրենց միջավայրում՝ փողոցում, ընկերների, հարևանների շրջապատում։ Շատ դեպքերում այս երեխաների ծնողները չէին մտածում նույնիսկ, որ իրենց երեխաների հետ ինչ-որ բան այն չէ, կամ պարզապես չգիտեին, թե ուր դիմեին։ Այսպիսով, ամուսնական զույգի մոտ միտք ծագեց Ախալքալաքում երեխաների զարգացման կենտրոն բացել:
0S1A9820

«Մտածում էինք, որ կենտրոն բացելը կլուծի խնդիրը, որ սա ամենադժվարն է այս գործում, բայց պարզվեց, որ դա ամենահեշտն է՝ տարածություն և տարրական խաղալիքներ»,- կիսվում է Գիորգին։

Ամենադժվարը «ախալքալաքյան մտածելակերպն էր»: Ծնողները չեն ցանկանում նկատել խնդիրը, իսկ եթե նկատում են, ապա հասարակական կարծիքից վախի պատճառով չեն ցանկանում զբաղվել երեխայով, վախենում են, որ ինչ-որ մեկը կիմանա իրենց խնդրի մասին։

«Ծնողները երեխայի հետ չեն զբաղվում, թեկուզ ոչ մեզ մոտ, բայց գոնե մեկ ուրիշ տեղ տանեն: Մենք երբեմն առաջարկում ենք գնալ իրենց տուն, բայց ծնողներն այդպես էլ չեն ուզում, ասում են. «Հարեւանը կտեսնի, ձեզ բոլորը ճանաչում են» և այլն»:

Ամուսինները նշում են, որ բացի Կենտրոնում պարապմունքներից, աուտիզմով երեխաների զարգացման գործում մեծ դեր ունի հենց ընտանիքը։

«Շատ կարևոր է տանը երեխայի հետ աշխատելը։ Մենք անմիջապես նկատում ենք՝ երեխայի հետ տանն աշխատել ենք, թե ոչ։ Եթե չեն աշխատել, ապա ամեն դասին պետք է ամեն ինչ նորից սկսել։ Մինչև տանը չլինի աջակցություն, եթե նույնիսկ 50 կենտրոն էլ լինի Ախալքալաքում, Իսրայելից մասնագետներ, միևնույն է, ոչինչ չի փոխվի»:
0S1A9816

Գիորգին ընդգծում է, որ աուտիզմը հիվանդություն չէ, դա վիճակ է: Աշխարհում շատ հայտնի մարդիկ կան, որոնց մոտ աուտիզմ է ախտորոշվել, այդ թվում՝ Լիոնել Մեսսին, Աբրահամ Լինքոլնը, Բիլ Գեյթսը, Վան Գոգը և այլք։ Երեխան կարող է հրաշալի ունակություններ դրսևորել որոշ բնագավառներում, օրինակ՝ լինել հիանալի լուսանկարիչ, բայց չշփվել իրեն շրջապատող մարդկանց հետ:

«Այս երեխաներն ամենաանպաշտպանն են, ամենազգայունը, նրանց համար կարող է ավելի դժվար լինել, քան, ասենք, սահմանափակ կարողություն ունեցող մարդկանց դեպքում, նրանք օգնության կարիք ունեն աշխարհին հարմարվելու առումով: Իմ խորհուրդը բոլորին կլինի այն, որ չհանձնվե՛ք, չնստե՛ք տանը լաց լինեք, չանհանգստանա՛ք: Պետք է լինել ուժեղ և փորձել ինչ-որ բան անել»,- եզրափակում են ծնողները։