Jnews-ն այսօր հետևել է, թե ինչպես է անցնում պարետային ժամն Ախալքալաքի փողոցներում: Պարետային ժամի 4-րդ օրը մենք քաղաքում նկատեցինք պարեկային ոստիկանության 5-6 մեքենա, որոնք հսկում են դատարկ փողոցները:
Մեզ կանգնեցրին հենց առաջին րոպեին, կենտրոնական փողոցի վրա: Ճշտեցին, ո՞վ ենք մենք, և իմանալով, որ անցաթուղթ ունենք, բարի ճանապարհ մաղթեցին, առաջարկելով իրենց օգնությունը:
Հենց կենտրոնում կանգնեցինք, մեզ մոտեցան երկու մեքենա, նրանք տեղի ոստիկաններն էին, ճանաչեցին:
Այնուհետև մենք ոտքով շրջեցինք քաղաքի կենտրոնով, միանգամից գրավելով ոստիկանական մեքենաների ուշադրությունը: Բայց նրանք միմյանց տեղեկացրին, որ մենք օրինախախտներ չենք:
Ուղիղ երթերի ընթացքում ոստիկանները մեր կողքով էին երթևեկում: Նրանք մեզ առաջնորդում էին քաղաքի փողոցներով:
Մեր հարցին, արդյո՞ք այսօր քաղաքի բնակիչների կողմից եղել են օրինախախտներ, ոստիկաններն ասացին.
«Տեսնեք, թե ինչպես են մարդիկ ժամը ինին տաս պակաս արագ-արագ անհետանում փողոցներից»:
Մարտի 21-ից Վրաստանում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ պարետային ժամը գործում է մարտի 31-ից: Բոլոր սահմանափակումներն ուժի մեջ են մինչև ապրիլի 21-ը: