Ազատության փողոցի վերջնամասը (գազալցակայանի դիմաց) այս տարի կհիմնանորոգվի: Դրա համար տեղական բյուջեից հատկացվել է 42920 լարի: Կվերանորոգվի ճանապարհի շուրջ 60 մետր հատվածը:
Ազատության փողոցի վերջնամասի հիմնանորոգման համար տեղական բյուջեից հատկացվել է 42920 լարի, ինչպես և նախորդ տարի: Ընդհանուր փոսային նորոգման ընթացքում նույն փողոցում առանձին կվերանորոգվեն նաև փոսերը:
Ազատության փողոցի վերջնամասն արդեն մի քանի տարի է վարորդների համար մղձավանջ է: Ճանապարհի այս հատվածում փոսերը շրջանցելու համար մեքենաները հաճախ անցնում են հանդիպակաց ճանապարհագոտի կամ մայթեր` ստեղծելով վթարային իրավիճակ:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի էկոնոմիկայի և ենթակառուցվածքների վարչության մասնագետ Ռազմիկ Նահատակյանի, Ազատության փողոցի վերջնամասում 8 մետր լայնությամբ կվերանորոգվի ճանապարհի 60 մետրը, սակայն հայտնի չէ, թե կոնկրետ երբ կհայտարարվի այս ճանապարհի վերանորոգման տենդերը:
Ինչ վերաբերում է փոսային նորոգմանը, Ռազմիկ Նահատակյանի խոսքով, այս տարի փոսային նորոգումը նախատեսված է ոչ միայն Ախալքալաք քաղաքում, այլ նաև գյուղական ճանապարհներին:
Հիշեցնենք, որ Ախալքալաքում փոսային նորոգման և Ազատության փողոցի վերջնամասի հիմնանորոգման համար քաղաքապետարանը չորս անգամ հայտարարել էր տենդեր (97 920 լարիի չափով)` օգոստոսի 14-ին, օգոստոսի 26-ին, սեպտեմբերի 10-ին և սեպտեմբերի 25-ին, սակայն ոչ մեկը չէր կայացել մասնակիցների բացակայության պատճառով: