Ստեփանոս Նախավկայի տոնին ընդառաջ՝ դեկտեմբերի 23-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, թեմակալ առաջնորդի ձեռամբ 10 երիտասարդներ դպրական աստիճան ստացան:
Հայ Առաքելական եկեղեցու կարգով դպրական տվչություն շնորհվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ, Ախալցխայի Սուրբ Գրիգոր լուսավորիչ, Դամալայի Սուրբ Խաչ և Արագվայի Սուրբ Գևորգ եկեղեցու սպասավորներին: Նրանք էին՝ Նաիր Մելիքյանը, Արսեն Սեխլյանը, Կարեն Ալվերտյանը, Ավետիս Պետրոսյանը, Նահապետ Ակոջյանը, Հովհաննես Սահարյանը, Հայկ Մակարյանը, Վանիկ Խաչատուրյանը, Լյովիկ Գալստյանը, Գրիգոր Տեր-Մկրտչյանը։
Հայ եկեղեցու կանոնների համաձայն, սկզբից թեկնածուներին տրվեցին առաջին չորս աստիճանները՝ դռնապանություն, ընթերցողություն, երդմնեցուցչություն և ջահընկալություն, որոնք մեկ բառով կոչվում է դպրություն։ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նախ խաչաձև կտրեց պատանիների մազերը, ինչը խորհրդանշում է երկրային ցանկություններից հրաժարումը և Աստծու նվիրումը: Ապագա դպիրները ծնկաչոք ընդունեցին այն բոլոր իրերն ու ծիսական պարագաները, որոնք այսուհետ գործածելու իրավունք են ստանում: Շարականներ երգել, աղոթքներ կարդալ հիվանդների համար, զբաղվել եկեղեցու մաքրությամբ ու կարգապահական հարցերով:
Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը նշում է, որ պատանիներից շատերն իր աչքի առջև են մեծացել և մանկուց ծառայություն են մատուցել եկեղեցուն և այսօր արժանի են հոգևորականի առաջին կոչումն ստանալու:
Նահապետ Ակոջյանը 6 տարեկանից ծառայություն է մատուցում եկեղեցում: «Եկեղեցու սպասավոր լինելը ներքին հոգևոր մղում է: Իհարկե մինչև դպրական աստիճան ստանալը ես սպասավորական գործին պատասխանատու եմ մոտեցել, բայց այսօրվանից սուրբ պարտականություն եմ համարում: Սա էլ հայրենիքին ծառայելու նման է, մեր հոգևոր պարտքն է, որպեսզի Աստծուն ավելի մոտ լինենք: Հետագայում կցանկանամ հոգևորական դառնալ և կուզենամ ճեմարանական կրթություն ստանալ»,- ասաց դպիր Նահապետը:
Նոր ձեռնադրված դպիրներից Նաիր Մելիքյանի անունը Ջավախքում հայտնի է, որպես չեմպիոն: Վերջինս պրոֆեսիոնալ սպորտով է զբաղվում և զուգահեռ ծառայություն է մատուցում եկեղեցուն: Նաիրից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք իրար չեն խանգարում, այս երկու տարբեր ոլորտները:
«Իրար լրացնում են, հավատը ավելի ուժեղ է դարձնում: Երբ ուժեղ հավատ ունես, չես կարող չհաղթել և իմ բոլոր հաղթանակներից հետո փառք եմ տալիս ամենակարող տիրոջը»,- ասաց չեմպիոն-դպիրը:
«Ես ուզում եմ աղոթք բաձրացնել և իմ օրհնությունը փոխանցել մեր հոգևոր եղբորը՝ Բաբգէն վարդապետ Սալբիյանին, որովհետև այս երիտասարդները իր փոխառաջնորդության օրոք եկան և օրհնություն ստացան: Այս պատանիներից շատերը երկար ժամանակ է իրենց ծառայությունն էին մատուցում մեր եկեղեցուն, այսօր վավերացրեցինք այդ ծառայությունը: Այսօր իրենց տրվեց Աստծո շնորհները, նրանց աչքերում հուզմունք ու ապրումներ էին և այդ զգացմունքները նրանց ավելի են մոտեցնում Աստծուն և իրենք առավել պատասխանատու են եկեղեցու առջև: Ինձ թվում է այս տղաներից ոմանք կշարունակեն հոգևորականի պատասխանտու գործը և Հայ եկեղեցին ջավախքցի հոգևորականներ ևս կունենա»,- jnews-ի հետ զրույցում նշեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Սոնա Տոնականյան