Այսօր, օգոստոսի 12-ին Ախալքալաքի շրջանի Փոքր Սամսար գյուղում նշվեց Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը։ Բնակիչները ամեն տարի անհամբերությամբ են սպասում օրհնության կարգին, այս տարի նույնպես գյուղի հավատավոր ժողովուրդը ներկա էր արարողությանը։

Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը։

Սամսարի հավատավոր ժողովուրդը հավաքվել էր գյուղի կենտրոնում գտնվող Սբ. Հարություն եկեղեցում, որտեղ Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղի «Սուրբ Գևորգ» եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ, Տ. Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը անցկացրեց Խաղողի օրհնության արարողությունը։
xaxox11
“Մի քանի օր առաջ Երուսաղեմում էի, այնտեղ նույնպես նշեցի, որ Սամսարում ավելի շատ մարդ է գալիս արարողության քան Երուսաղեմում էին եկել։ Այսպիսի արարողությունները շատ կարևոր են նամանավանդ հեռավոր գյուղերի համար, որ հավատքի մեջ մնան մարդիկ։ Այսօր մենք շոշափելի օրհնություն ենք հաղորդում խաղողի միջոցով, որպեսզի մեր ժողովուրդը հաղորդակից դառնա օրհնությանը։ Աշխատում ենք մարդկանց հոգևոր պահանջը հնարավորինս լրացնել եկեղեցով”, – Jnews-ի հետ զրույցում նշեց Սամսարի հոգևոր հովիվ, Տ. Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը։

Եկեղեցու խաչքավորը և գյուղացիները եկեղեցի էին տարել խաղողի առաջին բերքը։ Օրհնված բերքը բաժանվեց ներկաներին։ Ավանդույթի համաձայն, պարտադիր է տարվա մեջ առաջին անգամ համտեսել հենց օրհնված խաղողը։
xaxox1
Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։