Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղի միակ եկեղեցին փլուզված վիճակում է։ Երբեմնի հսկայական կառույցից այսօր փլատակներն են մնացել, սակայն դրանից մարդկանց հավատքը չի նվազել: Օրջացիներն ուխտի են գնում, մոմ վառում և աղոթում բաց երկնքի տակ` հուսալով, որ մի օր կանգուն կտեսնեն իրենց գյուղի խոնարհված եկեղեցին:

Եկեղեցու ավերակները գտնվում են գյուղի արևելյան եզրին։ Ըստ պատմական աղբյուրների այն հիշատակվում է սկսած 1830-ական թվականներից։ Վերջին հիմնադրումը վերաբերում է միջնադարին, այնուհետև եկեղեցին օծել են Սբ․ Թադեոս և Բարդուղեմիոս առաքյալների անվամբ։

Գյուղի բնակիչների պատմելով, իրենց եկեղեցին 11-րդ դարի կառույց է, նրանք այդպես են հիշում նախնիների պատմած պատմություններից։

Տարիներ շարունակ եկեղեցին «կարոտ» է մնացել նորոգման։ Գյուղի երիտասարդները հավաքվել և եկեղեցու տարածքը մաքրել են հողից ու քարերից, իսկ խորանը ժամանակվոր ծածկի տակ առել։ Պահպանվել է եկեղեցու հիմքը, խորանը և այնտեղ բարձրացող աստիճանները:

Խաչքար, որը պահպանվել է Սբ․ Թադեոս և Բարդուղեմիոս եկեղեցում
khachqar 1

Ջավախքցիները եկեղեցուն «ժամ» են ասում։ Օրջայի բնակիչներն իրենց «ժամում» մատաղ են անում և մոմ վառում, ապավինելով Աստծո զորությանը։ Գյուղում շատ մատուռներ կան, սակայն յուրաքանչյուր եկեղեցական ծիսակարգի ժամանակ մարդիկ այցելում են փլուզված եկեղեցի, որպեսզի գալիք սերունդը չմոռանա իր արմատների մասին:

Օրջացիների վկայությամբ՝ պահպանվել են եկեղեցու սրբատաշ քարերը, ճիշտ է, որոշները կիսաջարդված վիճակում, սակայն հիմնական մասը պահպանված է:

Եկեղեցու տարածքում այսօր էլ պահպանվում են ժանյակազարդ ու խոյաձև քարեր, խաչքարներ։

khaghoghazard

zhanyakazard

zhanyakazarder]

Ինչպես հիշատակվում է պատմական աղբյուրներում, եկեղեցին քանդել է տվել գյուղի նախագահ Շմավոնը՝ 1937 թվականին։ Սակայն գյուղացիները նշում են, որ եկեղեցին փլուզվել է նաև երկրաշարժներից: Նրանք շեշտում են՝ նախագահ Շմավոնը քանդել ու ձիանոց է կառուցել, իսկ մնացած քարերը «յայլա» է ուղարկել։

ekeghecu qarer

Համբարձում պապը պատմում է, որ հնում եկեղեցու բակում երեխաների են հուղարկավորել.

«Ես հիշում եմ, որ եկեղեցու վերնատունը կանգուն էր, կտուրն էլ կար, սակայն քանդված վիճակում էր։ Այստեղ գերեզմաններ էլ կան, երեխաների գերեզմաններ, այստեղ մեծահասակներ չեն թաղվել», – հիշում է Համբարձում Արթենյանը։

«Ղոչեր» կամ խոյաձև քարեր
Ghocher Orja'

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանն ընդգծում է, որ Օրջայի եկեղեցին շատ հետաքրքիր կառույց է:

«Օրջայի եկեղեցին կրում է Սբ․ Թադեոս և Սբ․ Բարդուղմիոս անունը, 1830-ական թվականներից է հիշատակվում վավերագրերում, բայց հստակորեն կարող ենք ասել, որ նախկինում դա եղել է միջնադարի եկեղեցի, որը, հավանաբար հետագայում վերաօծվել և դարձել է Սբ․ Թադեոս և Սբ․ Բարդուղեմիոսի անունով։

Դժբախտաբար պահվում է միայն եկեղեցու ավերակները, որը 1937 թվականին քանդել է տվել գյուղի Շմավոն գյուղապետը։ Շատ հետաքրքիր է այդ եկեղեցու ավերակների պահպանված զարդաքանդակները, այնտեղ կա խաղողի ողկույզներ, ծաղկյալ քանդակներ։ Կա նաև հին գերեզմանատուն։ Հետաքրքրության է արժանի նաև այն փաստը, որ ժամանակին գյուղից գտնվել է 6-7 խաչքար, որոնք թվագրվում են 15-րդ դար։ Դժբախտաբար գյուղացիների կողմից շատ լավ չի պաշտպանվել, որովհետև սովորություն կա, որ մոմեր են վառում և դա ճիշտ չէ։ Եթե մի օր Աստված օրհնի մեզ և շնորհ անի, կարելի է եկեղեցին վերականգնել», – ասում է Ջավախքի հոգևոր առաջնորդը:

Կոտրված խաչքար
Khachqar Orja

«Խաչքարերից մեկի վրա գրված է՝ «Ես Աստվածատուրս կանգնեցրի խաչս հիշատակ հոր իմ Ստեփանոսի, 1463 թվականին», սրանք շատ լավ անձնագրեր են, տեղեկություններ են, որ այս տարածաշրջանում հայերը եկվոր չեն, իրենք բնիկներ են։ Ուղղակի 1800-ական թվականներին Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու ղեկավարությամբ, մի ստվար զանգված գրեթե 7 000 ընտանիք, Էրզրումի նահանգից և Մուշից վերաբնակեցվում են այստեղ։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ վերաբնակեցվել են այստեղ, որովհետև սա եղել է հայերով բնակեցված շրջան»,- ասում է Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:

Մկրտության ավազանը
knunqi avazan

Բնակիչների միակ փափագն է վերականգնել իրենց գյուղի եկեղեցին։ Օրջա գյուղի բնակիչները հույս ունեն, որ մի օր կլսեն իրենց կանգուն եկեղեցու զանգի ղողանջները։

Գայանե Ակոջյան