Մարտի 13-ին, Դիլիսկա գյուղում սկսվեց շախմատի մրցաշար նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Մրցաշարն անցկացվում է «Մեր միտքն անպարտ է» վերտառությամբ, որին մասնակցում են Դիլիսկա գյուղի Շախմատի դպրոցի լավագույն սաները: Շախմատի մրցումները շարունակվելու են երկու օր: Մրցաշարն անցկացվում է Ախալքալաքի տեղական իշխանության, Դիլիսկայի գյուղապետարանի և Ջավախքի փոխանորդության համատեղ ջանքերով:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մրցաշարին մասնակցում են 32 շախմատիստներ: Այն անցկացվում է Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցում: Մոտ երեք ժամ տևած մտքի լարված պայքարից հետո 16 խաղացողներ դուրս եկան երկրորդ փուլ:
-««Հայի միտքն անպարտ է» այս կարգախոսն իզուր չի ընտրված: Նույնիսկ այդքան ավեր ու կոտորած տեսնելով այսօր մենք կանք, ամուր կանգնած ենք՝ ի շնորհիվ մեր մտքի: Այս քայլով մենք ևս մեկ անգամ հարգանքի տուրք ենք մատուցում մեր անմեղ նահատակների հիշատակին: Սա յուրատեսակ ուղերձ է աշխարհին, որ ինչ էլ լինի, միևնույն է հայի միտքն անպարտելի է»,- իր խոսքում նշեց Դիլիսկայի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիքրան քահանա Մխիթարյանը:
Մարտի 14-ին պարզ կդառնա առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրների անունները: Պատանի շախմատիստները «Մեր միտքն անպարտ է» մրցաշարին մասնակցության համար կստանան վկայականներ և մեդալներ:
Աղունիկ Այվազյան