Ախալքալաք քաղաքից դիմորդների մեծ մասը ընդունվել է Վրաստանի համալսարաններ, որին հաջորդում է Հայաստանը, իսկ երրորդ տեղում Ռուսաստանն է: Գերմանիան և Չինաստանը նույնպես այն երկրների ցանկում են, որտեղ սովորում են ախալքալաքցի երիտասարդներ: Jnews-ը հրապարակում է Ախալքալաքի հինգ դպրոցների շրջանավարտների և դիմորդների վերաբերյալ վիճակագրությունը:
Թիվ 1 (Թումանյանի անվան) հանրային դպրոցն ուներ 33 շրջանավարտ: 8 շրջանավարտ ընդունվել է Վրաստանի բուհեր, որոնցից 4-ը ստացել են դրամաշնորհ, 2-ն ընդունվել են Ռուսաստանի բուհեր, իսկ 6-ը` Հայաստանի:
Թիվ 2 (Մայակովսկու անվան) ռուսական դպրոցն ուներ ընդամենը 25 շրջանավարտ: Նրանցից 2-ը Վրաստանի բուհեր են ընդունվել առանց դրամաշնորհի, 10-ը` Հայաստանի համալսարաններ, հիմնականում` Ռուս-հայկական համալսարան, 1-ը` Չինաստանում, 1-ը` Ռուսաստանում:
Թիվ 3 (Ճավճավաձեի անվան) վրացական դպրոցն ուներ ընդամենը 14 շրջանավարտ, նրանցից 9-ը ընդունվել են Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Թիվ 4 (Դեմիրճյանի անվան) հանրային դպրոցն ուներ 43 շրջանավարտ: Նրանցից 18-ն ընդունվել են Վրաստանի բուհեր, 10-ը` Հայաստանի, 1-ը` Ռուսաստանի, 1-ը` Գերմանիայի:
Թիվ 5 դպրոցն (Ռուբեն Տեր Մինասյանի անվան դպրոց) այս տարի ուներ 11 շրջանավարտ: Վրաստանի բուհեր է ընդունվել 7 հոգի, նրանցից 2-ը ստացել են դրամաշնորհ, 1 շրջանավարտ բուհ է ընդունվել Հայաստանում:
Այսպիսով, 2021 թվականին Ախալքալաքը տվել է 126 շրջանավարտ: Նրանց մեծ մասն ընդունվել է Վրաստանում՝ 45 հոգի, 27 հոգի՝ Հայաստանում, 4 հոգի՝ Ռուսաստանում, 1-ը՝ Գերմանիայում և ևս 1-ը՝ Չինաստանում: