Սեպտեմբերի 8-ին Ախալքալաքում հայտնվեցին իշխող կուսակցության մեծամասնական պատգամավորի թեկնածու` Հենզել Մկոյանի որոշ նախընտրական, գովազդող պաստառներ: Նրանց մի մասը փակցված են արգելված վայրում:
6 փոքր չափի պաստառներ թեկնածուի լուսանկարի և ընտրական համարի հետ միասին փակցված են Ախալքալաքի Մշակույթի տան պատին, որտեղ, ըստ Ախալքալաքի Շրջանային ժողովի №21-րդ որոշման, արգելված է փակցնել քարոզչական նյութեր:
2016 թ.-ի օգոստոսի 5-ին Ախալքալաքի Շրջանային ժողովը ընդունել է բանաձև, որի հիման վրա Վրաստանի Ընտրական օրենսգրքի և Տեղի ինքնակառավարման մարմնի օրենսգրքի համաձայն որոշված են այն տեղերը, որտեղ կարելի է փակցնել գովազդային և քարոզչական նյութեր, և որտեղ չի կարելի: Այսպես, ըստ որոշման, չի կարելի քարոզչության համար օգտագործել շրջանին պատկանող շենքերը, այդ թվում՝ Մշակույթի տունը, բոլոր եկեղեցիներն ու հուշարձանները, ոստիկանության շենքը, դատարանի, անվտանգության և այլ պետական ինստիտուտները:
Պաստառներ կարելի է փակցնել մասնավոր սեփականության շենքերի վրա՝ սեփականատիրոջ համաձայնությամբ, ինչպես նաև Ախալքալաքի կենտրոնական զբոսայգու հայտարարությունների ստենդին: