Այսօրվանից՝ դեկտեմբերի 30-ից, Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցը սկսել է օրական երեքանգամյա սնունդ տրամադրել ստացիոնարում բուժվող պացիենտներին։ Հիվանդանոցի մենեջերի խոսքով՝ այսուհետ բուժառուները միշտ կստանան համապատասխան սնունդ։
Սնունդը հիվանդանոցում չի պատրաստվում, «Էվեքս» ընկերությունը պայմանագիր է կնքել համապատասխան ընկերության հետ, որն օրական երեք անգամ սնունդ է տրամադրում կանխավ նշված քանակությամբ և բաղադրիչներով։ Սնունդը չի ազդում հիվանդանոցային ծառայությունների արժեքի վրա:
«Մենք հիվանդների սնունդն ապահովում ենք ընկերության հաշվին։ Հիվանդներին համապատասխան դիետիկ սնունդ ենք տալիս։ Ճաշացանկը ներառում է մրգեր, հյութեր, կաթնամթերք, ապուրներ, միս և շատ այլ բաներ, որոնք անհրաժեշտ են հիվանդ մարդու օրգանիզմին»,- Jnews-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը։
Սնունդը հիվանդանոց է բերվում մեկանգամյա օգտագործման սպասքով։