Հուլիսի 20-ի կեսօրին նախկին զինվորական ավանում թափառող շները ոհմակով հարձակվել են 43-ամյա կնոջ վրա։ Շտապօգնության մեքենան տուժածին՝ Լուսինե Հ.-ին տեղափոխել է Ախալքալաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները մշակել են կնոջ վերքերը։ Տուժածի վիճակը նորմալ է։
Լուսինե Հ.-ն խանութից դուրս է եկել, որպեսզի գնա հոսանքի փողը մուծի, բայց ճանապարհի կեսին շների հարձակմանն է ենթարկվել։
«Չհասած տեղ, կես ճանապարհին միանգամից երեք շուն հարձակվեց, մեկը շատ կատաղած էր, խածեցին, ես մենակ էի, դեմքս են խածել, ոտքս ու թևերս։ Ահավոր է, ավանում մենակ քայլել հնարավոր չէ, թափառող շները շատ-շատ են, ես առաջին մարդը չեմ, որ խածում են, ամեն օր մարդիկ շան հարձակման են ենթարկվում»,- ասաց Լուսինե Հ․-ը։
Կնոջն օգնության են հասել հարևանները։ Նրանք անմիջապես զանգահարել են շտապօգնություն։
Ախալքալաքի հիվանդանոցում տուժածին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն։ Բժիշկների խոսքերով, շների կողմից հարձակման ենթարկված կնոջ վիճակը նորմալ է՝ վերքերը մշակել են ու ներարկում արել։
Բժիշկներն ընդգծում են, որ օրական Ախալքալաքի հիվանդանոց է տեղափոխվում առնվազն 3 մարդ, որոնք հարձակման են ենթարկվում թափառող շների կողմից։
Ախալքալաքի բնակիչները բազմաթիվ անգամներ բողոքով դիմել են տեղական իշխանություններին, որպեսզի լուծեն քաղաքում թափառող շների խնդիրը, սակայն ՏԻՄ մարմինների կողմից իրականացվող գործողությունները արդյունք չեն տալիս։ Նշենք, որ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ տեղական իշխանությունը անօթևան շներին կարող է միայն բռնել, ստերիլիզացնել, չիպավորել և վերադարձնել բնակության վայր։
Անօթևան շներին բռնելու, ստերջացնելու, պատվաստելու, նույնականացնելու և վերադարձնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ էֆթանազիայի ենթարկելու մրցույթն Ախալքալաքում կայացել է երկրորդ անգամից։ Թեև այս մեթոդը փաստացի չի լուծում Ախալքալաքում թափառող շների խնդիրը, սակայն մրցույթը չի կարող հասնել իրականացման փուլ, քանի որ մրցույթը շահած «Դոգի դոկ» ընկերությունը բողոքարկել է մրցույթի պայմանները։
Մրցույթը շահել է «Դոգի դոկ»-ը 20 789 լարիով՝ սկզբնական 25 986 լարիի պայմաններում։ Մրցույթի համաձայն՝ մինչև դեկտեմբերի 31-ը նախատեսվում էր բռնել 142 անօթևան շուն։