Այսօր՝ ապրիլի 29-ին, լրացել է թափառող շների բռնման, ստերջացման, ամորձման, պատվաստման, նույնականացման և վերադարձի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ էֆթանազիայի Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթի առաջարկների ընդունման վերջնաժամկետը, սակայն մրցույթը կարճեցվել է։
Այս ծառայությունների համար մրցույթը հայտարարվել է ապրիլի 19-ին՝ 25 986 լարիի չափով։ Մրցույթը նախատեսում է ծառայությունների մատուցում Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում անօթևան շներին մարդասիրաբար բռնելու համար՝ նրանց տեղափոխելով ապաստարան, որտեղ նրանց կստերջացնեն, կամորձատեն, կպատվաստեն, կնույնականացնեն կամ անհրաժեշտության դեպքում էֆթանազիայի կենթարկեն և կտեղափոխեն կենդանիներին դամբանատեղ:
Մրցույթի դադարեցման պատճառը հասկանալու համար պարզաբանում խնդրեցինք Ախալքալաքի քաղաքապետարանի պետական գնումների բաժնից։
«Մրցույթը դադարեցված է, տեխնիկական հարցերը վերանայելու և պարզաբանելու կարիք կա, այսինքն՝ պետք է ճշգրիտ շուկայական գնահատական տալ»,- պարզաբանեց Ախալքալաքի քաղաքապետարանի պետական գնումների բաժնի պետ Ռոզա Յորդանյանը։
Թե երբ կհայտարարվի նոր մրցույթը, դեռ հայտնի չէ։ Նշենք, որ հին մրցույթի համաձայն՝ մինչև դեկտեմբերի 31-ը պետք է բռնվեր 142 թափառող շուն։ Ընթացակարգերն ավարտելուց հետո շներին պետք է նույնականացնեին և վերադարձնեին Ախալքալաք։
Թափառող շների խնդիրը ոչ միայն Ախալքալաքում, այլև ողջ Վրաստանում լուրջ խնդիրներից է։ Երկիրն ընտրել է այս հարցի կառավարման մեթոդ, որն իրեն չի արդարացնում, բայց իրավիճակը փոխելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում։ Չնայած այն հանգամանքին, որ մունիցիպալիտետում որոշակի գումար է հատկացվում այս խնդրի լուծման համար, սակայն բռնելու, ստերջացնելու և հետ վերադարձնելու եղանակն իրեն չի արդարացնում։ Ախալքալաքում այս տարվա հունվարից մինչ օրս գրանցվել է թափառող շների կծոցից 31 տուժած։ Հարձակման ենթարկվածների թվում են 18 տարեկանից ցածր 9 բնակիչ։