Ախալքալաքում սպասում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներին, ամենաշատ լարված են Շրջանային վարչության մոտ 100 աշխատակիցներ, քանի որ նրանցից յուրաքանչյուրն անհանգստացած է, թե արդյոք կպահպանի իր աշխատանքը նոր քաղաքապետի ընտրվելուց հետո: Իրենց կադրային պլանների մասին խոսում են քաղաքապետերի թեկնածուները:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մրցակցությունը մեծ է, այս մասին համոզված են Ախալքալաքի բազմաթիվ բնակիչներ: Քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուների նման թիվ և այսպիսի ակտիվ նախընտրական քաղաքական իրավիճակ Ախալքալաքում չեն հիշում:

Ներկայումս Շրջանային վարչության կազմում աշխատում է 106 աշխատող: Գրեթե բոլորը սպասման իրավիճակում են: Շատ դեպքերում, աշխատատեղերը կորցնելու վախի մթնոլորտը կախված է այն բանից, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ուզում է տեսնել իր թիմում իր մարդկանց:

Բայց և այնպես, ինչպիսին են հնարավոր կադրային փոփոխությունները Ախալքալաքի Շրջանային վարչությունում, մենք փորձեցինք պարզել քաղաքապետի թեկնածուներից: 6 թեկնածուներից 2-ին` Զուրաբ Օզբեգիշվիլին «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից և Ռուբեն Մկրտչյաննին «Գիորգի Վաշաձե-նոր միասնական Վրաստան» կուսակցությունից, ինչպես և ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք չկարողացանք գտնել: Իսկ մնացած 4 թեկնածուների տեսակետները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սամվել Պետրոսյանը «Դավիթ Թարխան Մուրավի, Իրմա Ինաշվիլի-Վրաստանի Հայրենասերների Դաշինք» դաշինքից քաղաքապետի թեկնածուն դեռ չի որոշել, թե հաղթանակի դեպքում, ինչ կադրային քաղաքականությունը կվարի:

«Եկեք Շրջանային վարչությունում կադրային քաղաքականության մասին ոչինչ չխոսենք: Երբ ընտրվեմ, կքննարկեմ, այդ մարդիկ ներկա պահին կարող են անել իրենց աշխատանքը, թե ոչ: Ես կասեմ, որ աշխատանքային ոճը, անշուշտ, կփոխեմ», – ասում է Սամվել Պետրոսյանը:

«Բաքրաձե-Ուգուլավա Եվրոպական Վրաստան» դաշինքից քաղաքապետի թեկնածու Հարություն Ալեքսանյանը հիմնարար փոփոխություններ չի նախատեսում: Չնայած դրան, միևնույնն է շեշտը դնում է մասնագետների վրա:

«Սկզբի համար մենք պետք է հետազոտենք այս հարցը: Ներկա պահին, հիմնականում աշխատում են մարդիկ, ովքեր անցել են հավաստագրում: Եթե աշխատողը նորմալ է, նա կշարունակի աշխատել, այսինքն, հիմնարար փոփոխությունների մասին խոսք չկա: Փոփոխությունները հնարավոր են, եթե պարզվի, որ որևէ մեկը մասնագիտությանը չի տիրապետում կամ չի կատարում իր պարտականությունները: Եթե ստիպված լինեմ ընտրել նոր կազմ, առաջին հերթին դա կլինի մասնագիտացված աշխատակազմ», – ասում է Հարություն Ալեքսանյանը:

Տեղական ինքնակառավարման ընտրություններում «Դիմիտրի Լորթքիփանիձե, Կախա Կուկավա, ժողովրդավարական շարժում-ազատ Վրաստան» դաշինքից քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանի կարծիքով հարցին պետք է կտրուկ վերաբերվել:

«Բոլոր նրանք, ովքեր այժմ աշխատում են Շրջանային վարչությունում կհեռացվեն աշխատանքից: Հաստատ ոչ տեղացի մարդիկ չեն աշխատելու: Իսկ տեղացիների շրջանում ընտրելու ենք մասնագետների, բայց դա հիմնականում երիտասարդներ են լինելու», – ասում է Մելիք Ռաիսյանը:

Իշխող կուսակցությունը դեռ չի քննարկել Շրջանային վարչության անձնակազմի հարցը, սակայն իշխող կուսակցության թեկնածուն նույնպես առաջնորդվում է մասնագետների վրա:

«Մենք դեռ չենք մտածել այդ հարցերի մասին: Ոչ ոքի հանդեպ վատ կանխատեսում չկա: Ոչ ոք չի ժառանգում աշխատանքը, այնպես որ լավ մասնագետները կշարունակեն աշխատել, իսկ ովքեր չեն ուզում կամ չեն կարող աշխատել թող հեռանան: Ինչ վերաբերում է Շրջանային վարչության աշխատանքում փոփոխություններին, մենք սպասելու ենք արդյունքներին, հետո կորոշենք, թե ինչ պետք է անենք», – ասում է
«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Յուրիկ Հունանյանը: