Ինչպիսի սպառնալիքների մասի են հաղորդել ԿԸՀ-ի ճեպազրույցում և ինչպես են բացատրում կողմերը:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ սեպտեմբերի 2-ին Ախալքալաքում խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանն ու նրա որդին Գևորգ Պետրոսյանը սպառնացել են Շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանին:
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Շրջանային հանձնաժողովի նախագահին սպառնացել են ինչպես նրա կյանքի, ընտանիքի անդամների ապօրինի ազատազրկմամբ, այնպես էլ նաև գույքային վնաս հասցնելու, մասնավորապես տունը այրելով: Անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Հասմիկ Մառանգոզյանի դիմումի համաձայն, նմանատիպ սպառնալիքները նշված մարդկանց կողմից արդեն բազմիցս կրկնվում են:
Ըստ ԿԸՀ-ի մամլո խոսնակի հաղորդագրության, Սամվել Պետրոսյանը երեկ ճանապարհին կանգնեցրել է նաև ՇԸՀ նախագահի տեղակալ Պաատա Փանջիկիձեին և պահանջել նրանից բացատրություն նրա գործունեության մասին: Ճեպազրույցի ժամանակ նաև ասվել էր, որ այդ տեղեկատվությունը փոխանցվել է դատախազություն հանգամանքները պարզաբանելու համար:
Իր հերթին, ինքը՝ Հասմիկ Մառանգոզյանը մեզ հեռախոսով պատմեց, որ ինքը որևէ բան մեկնաբանելու ցանկություն չունի, և որ ամեն ինչ արդեն ասել է ԿԸՀ մամլո խոսնակը:
Սամվել Պետրոսյանը ասում է, որ իր կողմից որևէ սպառնալիք չի եղել: Եվ իրավիճակը բացատրում է հետևյալ կերպ.
«Միջադեպը մեր միջև տեղի է ունեցել 4-5 օր առաջ: Պտենա գյուղի 6 բնակիչներ եկան և դիմում բերեցին ՇԸՀ հանձնելու: Ընտրական հանձնաժողովների մրցույթին մասնակցելու համար դիմումներ էին: ՇԸՀ-ի դռները փակ էին, այդ մարդը շտապում էր և բերեց տվեց ինձ, որպեսզի ես մտցնեմ ՇԸՀ: Ես տվեցի Թաթուլ Տոնականյանին, որպեսզի նա տաներ ՇԸՀ: Հասմիկ Մառանգոզյանը վերցրեց փաստաթղթերը և առանց տեսնելու բովանդակությունը, պատառոտեց և նետեց սեղանի վրա», – պատմում է Սամվել Պետրոսյանը:
Դրանից հետո նա Ախալքալաքում «Վրաստանի հայրենասերների Դաշինք» կուսակցության նախընտրական շտաբի մյուս աշխատակիցների հետ գնաց պարզելու, թե ինչումն է խնդիրը:
«Առաջին բանը, որ նա ասաց. «Ես ճիշտ եմ վարվել, միևնույնն է դուք չեք կարող ապացուցել, որ ես արել եմ դա»: «Մենք վիճեցինք այս հարցի շուրջ: Մենք կանչեցինք ոստիկանության արձանագրություն կազմելու համար: Մեր վեճը շարունակվեց ոստիկանության մոտ, եթե լինեին սպառնալիքներ, ապա ոստիկանությունը կարձագանքեր: Մեր կողմից չկար սպառնալիք, իսկ նրա կողմից վիրավորանքներ կային: Մենք կազմեցինք արձանագրությունը, ուղարկեցին ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիային, ԿԸՀ-ից եկան ներկայացուցիչներ և մենք քննարկեցինք այս հարցը», – ասում է Սամվել Պետրոսյանը:
Ըստ նրա, կա նաև տեսանյութեր ՇԸՀ միջադեպից, որոնք փոխանցվել են «Վրաստանի հայրենասերների Դաշինք» կուսակցությանը: