Ախալքալաքի նորաբաց Off road ավտոակումբը գրանցում է հաղթանակներ, հոկտեմբերի 6-8-ը Թուրքիայում կայանալիք մրցմանը հաղթանակը ևս հավանական է, սակայն ֆինանսների բացակայության պատճառով մասնակցությունը դեռ հարցականի տակ է։

Akhalkalaki drive5

Այս տարի Ախալքալաքի Off road խումբը պաշտոնական գրանցվել է, ստեղծելով ակումբ: Սակայն խումբը գործում է 2008 թվականից: Մրցույթների սկսել են մասնակցել 2014 թվականից։ Առաջին մասնակցության արդյունքում գրավել են երրորդ տեղ, իսկ մրցույթը տեղի է ունեցել Հայաստանում։ Այսօր նույն մրցույթում առաջին տեղ են գրավել:

Ամսի 6-ից 8-ը Թուրքիայում կայանալիք մրցմանը Ախալքալաքի ակումբը հրավիրված է, սակայն ֆինանսական խնդիրներից ելնելով հավանական է, որ չկարողանա մասնակցել։ Չնայած Թուրքիայից տեղեկացրել են, որ հյուրանոցի ծախսերը, սահման անցնելու վերաբերյալ խնդիրները իրենք կհոգան, սակայն այնուամենայնիվ թիմին 3000 լարի է հարկավոր մեկնելու և մեքենան նորոգելու համար։

off club

«Մենք Վրաստանի պետական դրոշի տակ ենք ներկայանում և մեր Ախալքալաքի ակումբն ենք ներկայացնում», – մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի խմբի ղեկավարներից Արսեն Կարապետյանը։

Խմբի անդամների խոսքերով, իրենք մրցույթներին մասնակցելու 92 տոկոս դեպքերում պատվավոր տեղեր են գրավում։ Ստեղծելով ակումբը Արսեն Կարապետյանը և Միշա Քթոյանը համոզված էին, որ Ախալքալաքում այս սպորտաձևի զարգացման մեծ պոտենցիալ կա։ Դժվարանցանելի ճանապարհները այլ վայրերում արհեստական են ստեղծում, իսկ մեր տեղանքում բնական են և ավելի դժվարանցանելի։

diplom1
Ակումբը չունի ֆինանսական աջակցություն: Մրցույթներին մասնակցելու համար անդամները ծախսում են սեփական միջոցները: Իսկ հաղթանակների դեպքում նրանք հիմնականում ստանում են մրցանակներ, բայց ոչ ֆինանսական:
«Աշխարհի չեմպիոնատի էտապներին անցած տարի Վրաստանում մենք առաջին տեղ ստացանք, լիցենզիա ստացանք Մալազիա մեկնելու, բայց հովանավոր չգտանք, պետությունն էլ ուշադրություն չդարձրեց ու մենք չկարողացանք մասնակցել։ Պետական աջակցություն ստանալու համար պաշտոնական չենք դիմել, բայց մասնավոր ընկերությունների դիմել ենք, սակայն ոչ մի արձագանք չենք ստացել», – ասում է Միշա Քթոյանը:

akhalkalaki

Ախալքալաքի Off road ավտոակումբը կարող է ոչ միայն սպորտով զբաղվել, այլ նաև՝ օգնել բնակիչներին տարբեր հարցերում՝ ձմռանը փակ ճանապարհների ժամանակ, կամ անծանոթ ճանապարհի փորձարկման։

Սպորտաձևի վտանգավոր լինելու վերաբերյալ մեր հարցին, խմբի վարորդը պատասխանեց՝ «Իմ կարծիքով, ամենավտանգավոր սպորտաձևը շախմատն է։ Հնարավոր է պահի տակ աչքդ կպնի, և գլուխդ սայթակի ու զինվորը մտնի աչքդ»:

Ջուլիետա Տոնականյան