Վաղը՝ հունվարի 15-ին, «Georgian Airways»- ը կիրականացնի Թբիլիսի-Երեւան-Մոսկվա չարտերային չվերթ:
Վրացական ավիաընկերությունը, կորոնավիրուսի համավարակի մեկնարկից հետո առաջին անգամ` իր գործընկեր «Aircompany Armenia» ընկերության հետ համատեղ, իրականացնում է այս չվերթը: Դեռ հայտնի չէ` հետագայում նման չվերթներ կիրականացվեն, թե ոչ:
Ռուսաստանը 2019 թվականի հուլիսի 8-ից դադարեցրել է Վրաստանի հետ ուղղակի օդային հաղորդակցությունը: Այդ ժամանակվանից ի վեր երկրների միջեւ օդային հաղորդակցությունն իրականացվում է միայն երրորդ երկրների միջոցով:
Վրաստանը 2020 թվականի մարտին համավարակի պատճառով փակեց իր սահմանները օտարերկրացիների համար, բացառությամբ հատուկ դեպքերի, և դադարեցրեց օդային երթևեկությունը բոլոր ուղղություններով: Վերջերս կառավարությունը հերթական անգամ երկարացրեց կանոնավոր չվերթների վերսկսման արգելքը մինչև 2021 թվականի հունվարի 31-ը:
Վրաստանի քաղաքացիները, ովքեր արտերկրից ժամանում են հայրենիք, ութ օրվա ընթացքում պետք է գտնվեն ինքնամեկուսացման մեջ: Սահմանն անցնելիս նրանք պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում իրականացված ՊՇՌ(PCR) թեստի պատասխանը: Եթե ուղեւորը թեստի պատասխանը չունի, ապա նա 12 օր պիտի լինի ինքնամեկուսացման մեջ: Եթե հնարավոր չէ ինքնամեկուսացման մեջ գտնվել, ապա նրան կտեղավորեն կարանտինային գոտում:
Նույն կանոնը վերաբերում է Իսպանիայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Հունաստանի, Շվեդիայի, Խորվաթիայի, Իտալիայի, Կիպրոսի, Սլովենիայի, Իսլանդիայի քաղաքացիներին:
Պաշտոնական այցով Վրաստան ժամանող օտար երկրների և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների անդամները ենթակա չեն ինքնամեկուսացման և կարանտինի: Նրանք միայն պետք է ներկայացնեն սահմանային անցակետերում վերջին 72 ժամվա ընթացքում կատարված PCR թեստի պատասխանը:
Կարանտինի ենթակա չեն նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի քաղաքացիները, ինչպես նաև այդ երկրներում մշտական բնակություն ունեցող անձինք: Նրանք պետք է փաստաթուղթ ներկայացնեն Վրաստան մուտք գործելուց առաջ վերջին 72 ժամվա ընթացքում իրականացված PCR թեստի պատասխանով կամ թեստավորվեն իրենց հաշվին: Այս մարդիկ կարանտին են անցնում միայն այն դեպքում, եթե հատուկ էլեկտրոնային հարցաթերթիկում, որը պետք է լրացվի մինչ մեկնումը, նշված է, որ նրանք ճանապարհորդել են ԵՄ այս հինգ երկրներից դուրս:
Բացառությամբ վերը նշված կատեգորիաների, Վրաստան մուտքի սահմանափակումը չի տարածվում նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների, միջազգային կազմակերպությունների, մարդասիրական առաքելությամբ ժամանող անձանց վրա, եթե այդպիսի առաքելության անհրաժեշտությունն օրակարգում է (բժիշկներ, կամավորներ), միջազգային բեռնափոխադրումներ կատարող վարորդների, միջազգային երկաթուղային տրանսպորտի անձնակազմի և օդանավերի անձնակազմի անդամների վրա:
Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 1-ից Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Չինաստանի և այլ 47 պետությունների քաղաքացիները կարող են մուտք գործել Ռուսաստան՝ էլեկտրոնային վիզայով և տեղաշարժվել երկրի գրեթե ողջ տարածքով: